Մատչելիության հղումներ

Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում հեշտացել է. ՀԲ զեկույց


Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ
Տեքստիլ գործարան Գյումրիում, արխիվ

Համաշխարհային բանկի «Գործարարություն 2019» զեկույցի համաձայն բիզնեսի դյուրինության կամ այսպես կոչված “Doing business”-ի ցուցանիշով 41-րդն ենք ուսումնասիրված 190 երկրների շարքում: Նախորդ զեկույցում, ի դեպ, Հայաստանը 47-րդն էր:

Հատկանշական է, որ զեկույցում ընդգրկվում են մինչև տվյալ տարվա մայիս ամիսը տեղի ունեցած փոփոխությունները, հետևաբար դիրքի բարելավումը Հայաստանի նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն է և կապ չունի հեղափոխության հետ:

Միաժամանակ, ՀԲ-ն փոխել է 2019-ի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները՝ նախորդ 4-ի փոխարեն ակնկալելով 4.3 տոկոսի աճ: ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն կարծում է, երկիրը թեև անցումային փուլում է այժմ, բայց նոր կառավարությունից դրական ուղերձներ են ստանում:

ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղո
ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղո

«Տնտեսական աճը գերազանցեց մեր սպասումները, դա պայմանավորված է արտահանման՝ կանխատեսվածից բարձր ցուցանիշով, վարկավորման աճով, դրամական փոխանցումներով, ներդրումներով: Իհարկե պետք է հետևենք զարգացումներին, բայց ուղերձները, որոնք լսում ենք, բոլորն էլ դրական են, ինչպես բիզնեսի, շուկաների ազատականացում ու խաղի հավասար խաղի պայմանների ստեղծումն է», - այսօր հրավիրած ասուլիսում նշեց Բոսութղոն:

Բիզնեսը կանխատեսելիություն է սիրում, շեշտում է ՀԲ ներկայացուցիչն ու հույս հայտնում, որ առաջիկայում կառավարության կողմից այս հարցում գործուն քայլեր կտեսնի:

«Շատ կցանկանանք, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին օրենքի նախագիծը վերջնական տեսքի բերվի և ընդունվի: Կարծում ենք կառավարությունը հետաքրքրված է նաև ավելի թիրախային ներդրումները խթանելով», - ընդգծեց նա:

Սիլվի Բոսութղոն նշում է այն ոլորտները, որոնց բարելավումն ըստ Համաշխարհային բանկի, պետք է կառավարության առաջնահերթությունը լինեն՝ շինարարական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերի, վարկերի ստացման, լուծարման և սնանկության գործընթացների դյուրացում:

Գործարար Սամսոն Գրիգորյանի համար ամենատեսանելի փոփոխությունը վերջին ամիսներին է արձանագրվել․ ասում է՝ կոռուպցիան զգալիորեն նվազել է:

«Ինչ վերաբերում է կոռուպցիայի վերացման հետ կապված գործարարի ավելի վստահ աշխատանքին՝ դա, միանշանակ, կա: Գործարարը համոզված է, որ իր գլխին ինչ֊որ մի բան չի սարքվելու հիմա», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Գործարարության դյուրինության առումով, Սամսոն Գրիգորյանի կարծիքն է՝ դեռ զգալի փոփոխություններ չկան․ - «Թղթաբանությունն է շատ, ավելորդ վազվզուքը, ժամանակ է շատ կորցնում գործարարը․․․ ԵԱՏՄ-ի պահանջներն են քիչ շատ, որոնք արդեն մեր կառավարությունից կախված չեն՝ միջազգային պայմանագրերով են կարգավորվում»:

Քաղաքական փոփոխությունները, ըստ գործարարի, թեև դրական անդրադարձան բիզնեսի թափանցիկության վրա, սակայն օտարերկրյա ներդրողները դեռ մտահոգություններ ունեն: - «Այսպիսի արտահայտություն արեց մի գործարար, երբ ես կտեսնեմ, որ դու քո երկրում հիանալի վիճակում ես, նոր ես կփորձեմ, օտար լինելով, գալ և ներդրում անել քո երկրում: Արաբ էր՝ ում հետ որ խոսում էի», - պատմեց Սամսոն Գրիգորյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյան
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ, կառավարության հեռանկարային ծրագիրն է բիզնեսի դյուրինության սանդղակում հայտնվել լավագույն տասնյակում:

«Մենք ունենք լավ օրինակ մեզ հարևան (Վրաստանը), մենք տեսնում ենք, որ անգամ համանման տնտեսության պայմաններում կարելի է այդ ճանապարհն անցնել», - լրագրողներ հետ զրույցում մեկնաբանեց նախարարի պաշտոնակատարը:

«Արդյոք «Լիդիան», «Հարավկովկասյան երկաթուղիներ» և «Վեոլիա» ընկերությունների շուրջ բարձրացված աղմուկը չի վանում օտարերկրյա ներդրողներին հարցին» ի պատասխան, Խաչատրյանը պարզաբանեց․ վերջին երկու դեպքում օրինախախտումների կասկածներ կան, որոնք պետք է ստուգվեն: Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին նախարարի պաշտոնակատարն ավելի մանրամասն խոսեց․ - «Եթե կան բացեր՝ այդ թվում բնապահպանական, և դրանք կարգավորելի են, ապա կլինեն խորհուրդներ, թե ինչպես պետք է կազմակերպությունը այդ բացերը լրացնի, որպեսզի կարողանա քայլել առաջ: Եթե չկան այդպիսի բացեր, ապա կազմակերպությունը, վերահաստատելով և ավելի վստահ լինելով, որ իր ունեցած եզրակացությունները առայսօր համապատասխանում են օրենքի պահանջին, կշարունակի իր գործունեությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG