Մատչելիության հղումներ

Արտախորհրդարանական ուժերը մտահոգված են՝ գործող ԸՕ-ով ապաքաղաքական խորհրդարան է ձևավորվելու


Գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ ընտրությունների անցկացումը մտահոգել է արտախորհրդարանական մի շարք քաղաքական ուժերի:

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը մտահոգված է, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծով ստեղծվում էր քաղաքական խորհրդարան ձևավորելու հնարավորություն, իսկ գործող տարբերակով անխուսափելի են նախկին իշխանությանը բնորոշ արատավոր երևույթները:

«Արդեն ակնհայտ է, որ գաղափարական մրցակցություն չի լինելու, արդեն ակնհայտ է, որ ծրագրային մրցակցություն չի լինելու և երևի արդեն ակնհայտ է, որ լինելու է կրկին սևի ու սպիտակի պայքար, լինելու է իշխանության և հակաիշխանության պայքար, և այդ պայքարի մեջ այդ քաղաքական կոմպոնենտը կորելու է», - ասաց Արամ Մանուկյանը։

Կոնգրեսում նոր Ընտրական օրենսգրքի տապալումից հետո շարունակվում են քննարկումները՝ մասնակցե՞լ արտահերթին, թե՞ ոչ, և արդյո՞ք իրենց ծրագիրը ռեյտինգային թեկնածուների կանխատեսելի ընտրապայքարում մրցակցային է լինելու:

«Քննարկումները շարունակվում են, բայց ակնհայտ է, որ մեր խաղաքարտը, ծրագիրը, ազատական տնտեսության ներկայացումը որպես Հայաստանի զարգացման մոդել այլևս լուրջ խաղաքարտ չի լինելու առաջիկա մրցակցության համար», - նշեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը։

Նոր Ընտրական օրենսգրքի տապալումը չի փոխել «Ժառանգության» որոշումը: Անկախ ակնկալիքներից՝ կմասնակցեն ընտրություններին: Դեռևս չեն կողմնորոշվել մասնակցության ձևաչափի և ցուցակը գլխավորող թեկնածուի հարցում:

««Ժառանգությունը» բռնությունների պայմանններում է մասնակցել ընտրություններին, ահաբեկումների շրջանում է մասնակցել ընտրություններին և մեզ համար որևէ խնդիր չկա մասնակցելու առումով այդ տեսանկյունից», - ընդգծեց «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը մտավախություն ունի, որ գործող Ընտրական օրենսգիրքը նախկին իշխանություն՝ Հանրապետականի համար վերակենդանացման որոշակի հնարավորություն կստեղծի, և դա անխուսափելի կդարձնի նախկին գործելաոճը:

«Ցավոք սրտի, հին Ընտրական օրենսգիրքը հակաքաղաքական, հակակուսակցական, ես կասեի նույնիսկ հակապետական Ընտրական օրենսգիրք է, և ըստ էության նախորդ իշխանությունը այլևս շատ լավ հնարավորություն է ունենալու որոշակիորեն փորձել կենդանություն, վերակենդանության նշաններ ցույց տալ և ակնհայտ է, որ ունենալով այդքան շատ գյուղապետեր, այլևս շատ դժվար կլինի վերահսկել գումարների բաժանումը գյուղերում», - հավելեց նա։

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Վարուժան Ավետիսյանի կանխատեսմամբ՝ դժվարություններ սպասվելու են, բայց իրենց համակիրների շրջանում հենարան կունենան․ - «Ես մտավախություն ունեմ, որ նաև կլինեն ընտրությունները կեղծելու փորձեր, որոնց մի մասը կամ մի զգալի մասը, քանի որ շատ կարգավորված մեխանիզմ էր նույնիսկ հնարավոր չի լնի բացահայտել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Այսինքն նաև խաղտումներով կանցնեն ոմանք։ Տեղական խանիկները նորից հնարավորություն են ստանում թափանցելու խորհրդարան, ցավոք սրտի քաղաքական կամքը ժողովրդի ամբողջությամբ չի արտացոլվելու խորհրդարանում»։

Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները թերահավատ են, թե իշխանությանը կհաջողվի մարզերում ամբողջապես վերահսկել իրավիճակը:

Արամ Մանուկյանը ափսոսում է, որ ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունն ավելի վաղ չլծվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությանը․ - «Սա հրաշալի շանս է, որ Հայաստանում կարելի էր ժողովրդավարական ընտրության մեխանիզմ ստեղծել և նոր մշակույթ ստեղծել հեղափոխության արդյունքում, կասկածանքի տակ դրվեց»:

Ընտրական օրենսգրքի նոր նախագծով առաջարկվում էր վերացնել ռեյտինգային ընտրակարգը և անցում կատարել ամբողջական համամասնականին: Փոփոխության դեպքում քաղաքացիներն ընտրելու էին քաղաքական ուժերին, ոչ թե տարածքային թեկնածուներին: Բացի այդ, նախատեսվում էր մեկական տոկոսով նվազեցնել կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմը: Ազգային ժողովում ներկայիս 3-ի փոխարեն 4 ուժի ներկայացվածությունն էր հնարավոր դառնալու: Ռեյտինգային ընտրակարգը ներդրած Հանրապետական խմբակցությունը դեմ էր այս փոփոխություններին:

Երեկ Ազգային ժողովում այս նոր օրենքն ընդունելու համար պակասեց ընդամենը մեկ ձայն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG