Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը սովոր է, որ Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի վարել»


Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդունում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, Երևան, 25-ը հոկտեմբերի, 2018թ.
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ընդունում է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին, Երևան, 25-ը հոկտեմբերի, 2018թ.

Բոլթոնի հայաստանյան հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության դիրքորոշումը վկայում է, որ Հայաստանի նոր իշխանությունները որդեգրել են միջազգային հարաբերություններում երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղի։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին վերլուծաբանները:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի խոսքով, Կրեմլի համար նորություն է, որ Հայաստանը կարող է իր ազգային շահերից բխող բանակցություններ վարել ու պայմանավորվածությունների գնալ ուժի այլ կենտրոնների հետ:

«Ռուսաստանը սովոր է, որ Հայաստանն ինքնուրույն արտաքին քաղաքականություն չի վարել։ Ռուսաստանը սովոր է նրան, գոնե վերջին 20 տարի է, ինչ իրենք ասում էին՝ նախկին իշխանությունները կատարում էին։ Հիմա՝ հեղափոխությունից հետո տենդենց կա, որ Հայաստանը ավելի ինքնուրույն քայլեր է անում՝ այո, հարգելով, համագործակցելով Ռուսաստանի հետ։ Բայց Ռուսաստանը սովոր է, որ ամբողջությամբ տրվում են իրենց։ Դա է պատճառը, որ իրենք, այո, մտահոգված են ու հենց Հայաստանի կոնտեքստով անում են հայտարարություններ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահը։

Մոսկվա այցելելուց հետո՝ անցած շաբաթ տարածաշրջանային այցի շրջանակում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Ադրբեջանում էր, Հայաստանում և Վրաստանում:

Երևանում՝ «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ Միացյալ Նահանգների բարձրաստիճան ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարեց․ - «Ասացի [Հայաստանի] վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից»:

Հատկանշական է, որ չնայած Բոլթոնը այցելել էր Բաքու, Երևան և Թբիլիսի, սակայն երեկ տարածված Ռուսաստանի արտգործնախարարության քննադատական հայտարարությունը վերաբերում է Բոլթոնի միայն հայաստանյան այցին: Այդ հայտարարության մեջ պաշտոնական Մոսկվան անդրադարձել է նաև Հայաստանին ամերիկյան սպառազինության հնարավոր վաճառքին․ - «Բոլթոնը, բնականաբար, չմոռացավ նաև գովազդել ամերիկյան սպառազինությունը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»:

«Էդ ինչո՞ւ Ադրբեջանում և Վրաստանում եղել է Բոլթոնը, բայց Վրաստանում ու Ադրբեջանում ասածի հետ կապված ոչ մի արձագանք չկա Ռուսաստանում՝ մենակ Հայաստանի, քանի որ միայն Հայաստանի դեպքում է, որ իրենք սովոր են, որ մերոնք, կներեք, ենթարկվում էին իրենց։ Հիմա Ռուսաստանը պետք է սովորի, որ ավելի անկախ, ավելի սուվերեն քաղաքականություն կվարի Հայաստանը», - շեշտեց Ստեփան Գրիգորյանը։

Վաշինգտոնում գործող Jamestown հիմնադրամի վերլուծաբան Էդուարդ Աբրահամյանի կարծիքով, առնվազն 2008 թվականից ի վեր Կրեմլը Հայաստանը դիտարկել է որպես «իր բացառիկ շահերի գոտում գտնվող երկիր», ուստի արևմտյան ազդեցիկ որևէ պետությունից բարձրաստիճան ցանկացած այցելություն Կրեմլը սուր է ընկալել և շարունակում է նման կերպ արձագանքել:

«Բոլթոնը փաստորեն, ըստ էության, խորհուրդ տվեց հայկական կողմին որոնել ալտերնատիվներ և աստիճանաբար հրաժարվել այն ավանդական, այսպես ասած, մտքից, որ Հայաստանը արտաքին քաղաքական կամ անվտանգության առումով ալտերնատիվներ չունի, քան Ռուսաստանի հետ բազմակողմանի և համալիր կախվածություն ունենալուց, և դա առաջացրեց Ռուսաստանի այս բնույթի արձագանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Աբրահամյանը։

Ըստ վերլուծաբանի, զենքի վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունը «միանշանակ մեսիջ էր Ռուսաստանին»:

«Միանշանակ, Միացյալ Նահանգները ունակ են և կարող են ակտիվորեն զենք մատակարարել Հայաստանին։ Միացյալ Նահանգների այդ մեսիջը ավելի շատ ուղղված էր Ռուսաստանին՝ այն համատեքստում, որ Ռուսաստանը, լինելով Մինսկի խմբի համանախագահ, լինելով պետություն, միջնորդ պետություն լինելով, որը, ըստ էության, պետք է խաղաղեցնի, այլ ոչ թե ավելի սրի հարաբերությունները երկու երկրների միջև, շարունակում է ակտիվորեն զինել մասնավորապես Ադրբեջանին և նաև Հայաստանին, դա սարքելով որպես գործիք՝ իր ազդեցությունն ավելի խարսխելու տարածաշրջանում», - ընդգծեց վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG