«Ինձ համար կարևոր ու հաճելի է արտերկիր այցերը սկսել հայ համայնքի հետ հանդիպումներով, քանի որ դրանք հարազատ վայրում գտնվելու զգացողություն են հաղորդում», - ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ երեկ երեկոյան Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը Բելառուսում է աշխատանքային այցով։
«Կուզենայի, որ երկխոսություն ծավալվի, և լսեի ձեզ հուզող հարցերի ու Հայաստանի իշխանություններից ձեր ակնկալիքների մասին»,- ներկաներին, ովքեր ոչ միայն համայնքային կազմակերպությունների, այլև Բելառուսի գործարար և գիտական շրջանակների ներկայացուցիչներ էին, ասել է նախագահ Սարգսյանը։
Զրույցի ընթացքում խոսվել է հայ-բելառուսական հարաբերությունների, երկկողմ տնտեսական և մշակութային կապերի խորացման գործում հայ համայնքի դերի, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների, ինչպես նաև համայնքային կյանքին վերաբերող հարցերի մասին։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան - Սփյուռք հարաբերություններին, սփյուռքի ներուժն օգտագործելու հնարավորություններին, Հայաստանի զարգացման հեռանկարներին։
Նախագահը պատասխանել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ինչպես նաև տեղեկություններ ներկայացրել այցի շրջանակում նախատեսվող հանդիպումների մասին։
Անդրադառնալով Մինսկում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը Հայաստանի պատվիրակության մասնակցությանը՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել միջազգային տարբեր կազմակերպություններում և հեղինակավոր հարթակներում Հայաստանի ներկայությունը, ինչը հնարավորություն է տալու երկրին նորովի հանդես գալ միջազգային հարաբերություններում։
Համայնքի ներկայացուցիչները կարևորել են Հայաստանի ղեկավարության հետ նման շփումները՝ նշելով, որ դրանք թույլ են տալիս իրենց հայրենիքի մի մասնիկը զգալ, տեղեկանալ Հայաստանում կատարվող գործընթացներին և հնարավորինս ներգրավվել տնտեսապես ուժեղ և բարեկեցիկ հայրենիք կառուցելու գործում։