Ռուսաստանյան մեդիադաշտի սակավաթիվ անկախ լրատվամիջոցներից մեկի՝ «Նովայա գազետա» պարբերականի դեմ ճնշումները շարունակվում են:
Նախօրեին անհայտ անձինք թերթի խմբագրատան դիմաց տեղադրել են վանդակներ, դրանցում՝ ոչխարներ: Վանդակների վրա ամրացված էին «Նովայա գազետա», իսկ ոչխարների վրա՝ «Պրեսսա» («Մամուլ») գրությամբ ցուցանակներ:
Լրատվամիջոցի լրագրողները դիմել են ոստիկանություն՝ հույս հայտնելով, որ իրավապահները կօգնեն կենդանիներին վերադարձնել իրենց տերերին:
Հետաքննական աղմկահարույց բացահայտումներով հայտնի «Նովայա գազետա»-ն, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է ռուսաստանցի գործարար Ալեքսանդր Լեբեդևին, 10 տոկոսն էլ` ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին, լույս է տեսնում 1993 թվականից և գործունեության առաջին իսկ տարիներից հալածանքների է ենթարկվում:
Թերթի լրագրողներից Վիկտոր Պոպկովը, Աննա Պոլիտկովսկայան, Անաստասիա Բաբուրովան սպանվել են, շուրջ մեկ տասնյակ լրագրողներ էլ հարձակման են ենթարկվել, սպառնալիքներ ստացել իրենց լրագրողական գործունեության համար:
Վերջին միջադեպերից մեկը շաբաթներ առաջ էր: Թերթը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ անհայտ անձինք խմբագրություն են ուղարկել սգո ծաղկեպսակ և ոչխարի կտրված գլուխ, ծանրոցներին կցված են եղել սպառնալիքներ պարունակող նամակներ: Խմբագրությունում կասկածներ ունեն, որ այդպիսով փորձ է արվում վախեցնել լրագրող Դենիս Կորոտկովին, ով հեղինակել է մի շարք հետաքննական նյութեր ռուսաստանյան մասնավոր ռազմական ընկերության՝ «Վագներ»-ի մասին, որը գործունեություն է ծավալում մասնավորապես Սիրիայում: Բացի այդ, Կորոտկովը աղմկահարույց բացահայտումներ է արել երկրի ամենահարուստ գործարարներից մեկի՝ Եվգենի Պրիգոժինի մասին, ով հայտնի է որպես «Պուտինի խոհարար»:
Ըստ տարբեր աղբյուրների՝ հենց Պրիգոժինն է վերահսկում «Վագներ» ընկերությունը: «Նովայա գազետա»-ն իր վերջին հոդվածներից մեկում հաստատել է գործարարին պատկանող ընկերության և Սիրիայում պատերազմող ռուսաստանցի վարձկանների միջև կապը:
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գլխավորած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի պնդմամբ՝ Պրիգոժինը հսկայական առանձնատների, տասնյակ մեքենաների, սեփական ինքնաթիռի ու զբոսանավի սեփականատեր է: Ընդ որում, հիմնադրամի իրավաբանները նաև մի շարք փաստեր են բացահայտել, որոնք վկայում են, որ Պուտինի միլիարդատեր խոհարարը ստվերային գործարքների միջոցով ապօրինի գերշահույթ է ստանում՝ յուրացնելով նաև բանակին հատկացված միջոցները: