Առաջինը կշարունակի մնալ նաև ավագանու անդամ, մյուս երեքը կդադարեցնեն իրենց լիազորությունները: Սա օրենքի պահանջն է:
Մարությանի ներկայացրած երկու թեկնածուներին դեմ քվեարկեց հենց իր թիմից՝ «Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Արմեն Գալջյանը․ - «Քաղաքապետի տեղակալների չորս թեկնածուները արական սեռի էին: Ինձ համար սկզբունքային է, որ չխախտվի գենդերային հավասարության սկզբունքը: Ես լսեմ եմ դրա հակափաստարկը, խմբակցությունում այդ հարցը բարձրացվել է․ քաղաքապետի պատասխանը համոզիչ էր, բայց ոչ բավարար կողմ քվեարկելու համար»:
Բացարձակ մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքից Արմեն Ղալեչյանը նույնպես Տիգրան Վիրաբյանին դեմ քվեարկեց: Վիրաբյանը Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրենն է:
«Ծանոթ լինելով Ձեր կենսագրությանը, Ձեր հաջողություններին ու ձեռքբերումներին՝ ամեն դեպքում, ես կարծում եմ, որ, դեմ չգնալով իմ սկզբունքներին, ես դեմ եմ քվեարկելու Ձեզ, և կարծում եմ, որ Դուք պետք է մնաք Գյումրիում», - ասաց Ղալեչյանը:
Արձագանքելով՝ Վիրաբյանն ասաց․ - «Ձեր դեմ քվեարկելուն ես ասեմ, որ Դուք ունեք 130-ից ավել համախոհներ Գյումրու դրամատիկական թատրոնում»:
Տարոն Մարգարյանի տեղակալ Վահե Նիկոյանին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկել է շարունակել աշխատանքը քաղաքապետարանում, բայց որպես իր խորհրդական: Նիկոյանը մերժել է: Նույն առաջարկը Մարությանն արել է նաև 15 տարի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կամո Արեյանին, որին վերջերս ազատել էր այդ պաշտոնից:
«Թե՛ Կամո Արեյանի, թե՛ Վահե Նիկոյանի պրոֆեսիոնալիզմը և թե ինստիտուցիոնալ հիշողությունը ես շատ կարևորում եմ: Կամո Արեյանի հետ զրույց կունենանք, եթե նա համաձայնվի խորհրդականի դերը ստանձնել, ես կուզենամ, որ լինի: Եթե ոչ, ապա նույնպես պետք է փոխանցի իր գիտելիքները, իր բոլոր ինֆորմացիան կապված քաղաքի հետ մեր այն մարդուն, ով փոխարինելու է», - ասաց Մարությանը:
Ավագանու կազմում 3 մանդատ ունեցող «Լույս» դաշինքը դեմ քվեարկեց հաստիքացուցակի հաստատմանը: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հիշեցրեց, որ ինչպես քաղաքային նախորդ իշխանության օրոք են դեմ քվեարկել քաղաքապետարանի հաստիքացուցակին, այնպես էլ այսօր են դա անելու, որովհետև «ցուցակն ուռճացված է»․ - «Ո՞րն է մեր առաջարկը: Ունենալ մեկ առաջին տեղակալ և մեկ տեղակալ, խորհրդականների թիվը կրճատել՝ 7-ից հասցնելով 2-ի, որովհետև, նկատի ունեցեք, որ վարչապետը ունի 5 վճարովի խորհրդական: Իսկ քաղաքապետը Երևանի ունի 7 խորհրդական և մեկ գլխավոր խորհրդական: Չեմ հաշվում նաև գլխավոր խորհրդական-դիզայները: Հասկանալի է, որ այսպիսի ճոխություն քաղաքը իրեն չի կարող թույլ տալ»:
Հաստիքացուցակն ուռճացված էր համարում նաև 5 հոգանոց ԲՀԿ խմբակցությունը, բայց կողմ քվեարկեց:
Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետն ունի 7 խորհրդականի և 5 օգնականի հաստիք, բայց ոչ բոլոր հաստիքներն են այս պահին զբաղեցված:
Հայկ Մարությանն ընդունում է, որ կրճատումների կարիք կա, բայց կարծում է․ - «Մենք կարող ենք այս պահին ընդունել հաստիքացուցակը ոնց կա, աշխատել ինտենսիվ այդ օպտիմիզացիայի ուղղությամբ: Բայց ենթադրենք նախորդ հաստիքացուցակով 7 թե 9 խորհրդական էր, չեմ հիշում․․․ ես կարող եմ ունենալ 2 խորհրդական և, մյուս խորհրդականները չունենալով, այդ գումարը դուրս չի գալու քաղաքապետարանի բյուջեից: Այսինքն, էստեղ ոչ մի խնդիր չունենք»:
Մինչև ավագանու նիստը սկսելը, Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կկարողանա պահել Երևանի դիմագիծը այն պարագայում, երբ շատ ճարտաապետներ պնդում են, որ այն անվերադարձ կորսված է: Ասաց՝ կփորձի:
Անդրադառանալով կենտրոնի կառուցապատմանը՝ Մեսչյանն ընդգծեց․ - «Ես կփորձեմ երևի թե լինել առաջին գլխավոր ճարտարապետը, որը իր գործունեության ժամանակ ոչ մի նախագիծ Երևանի սահմանում չի անելու»: