Մատչելիության հղումներ

Այսօր նախանձելի տաղանդավոր երիտասարդ անիմատորներ կան. Վրեժ Քասունի


«Լավաշ», «Աղվեսագիրք», «Հայելի», «Պույպույ մկնիկ» ու էլի շատ սիրելի մուլտֆիլմեր կարելի է թվարկել, որ ստեղծվել է հայկական անիմացիայի 80 տարվա պատմության ընթացքում:

Մուլտարտադրությունը վերջին տարիներին թեպետ մեծ բարձունքների չի հասել ու դժվար է մրցել Դիսնեյի, «Դրիմվորքսի» հետ, սակայն անիմատորներն ընդգծում են՝ դանդաղ քայելով, դժվար ճանապարհը հաղթահարելով առաջ ենք գնում:

Արդյունքներից մեկն էլ «Ռեանիմանիա» փառատոնն է, որ արդեն 10 տարի շարունակ անիմացիայի աշխարհի նորամուծություններն է ներկայացնում հայ մուլտասեր հանրությանը:

Փառատոնի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր նախանձելի տաղանդավոր երիտասարդ անիմատորներ կան, որոնք իրենց աշխատանքով մեծ հիմքեր են կառուցում հայկական մուլտարտադրությանը նոր շունչ տալու համար:

«Հիմնականում մասնագետների մեծամասնությունը երիտասարդներ են: Իսկ ինչ վերաբերում է, ասենք, հայկական անիմացիային, այն այսօր շատ լավ հիմքերի վրա է։ Միջազգային ասպարեզում թերևս մենք ունենք դիստրուկցիայի պրոդյուսինգի խնդիրներ, բայց կարծում եմ, որ հաջորդ 5 տարիներում դրանք պիտի հաղթահարենք և արդեն ինչպես ժամանակին, մի քանի տարի առաջ ասել էի՝ պրոդյուսինգից անցնելու ենք դիստրուկցիոնի։ Օրինակ եմ ուզում տամ Animation the mont նախագիծը, որտեղ միջազգային, ֆրանսիական մասնագետները էստեղ են, պիտի ուսումնասիրեն հայկական նախագծերը, և լավագույնը հրավիրեն Ֆրանսիա և այնտեղ միջազգային շուկայում ներկայացվելու են և Pitching է կատարվելու և ըստ տվյալների այդպիսի նախագծի մասնակցողները, երբ որ հասնում են այդ կետին, ստանում են հնարավորություն համագործակցելու», - նշեց Վրեժ Քասունին։

Հայկական հին մուլտերից շատերն այսօր հիշում ենք երաժշտությամբ, երգերով։ Դրանցից շատերի հեղինակները՝ Տիգրան Մանսուրյանը , Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Հախվերդյնաը, Ստեփան Շաքարյանը երեկ «Ռեանիմանիա» փառատոնի բացման արարողության ժամանակ արժանացան հատուկ մրցանակի՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար:

Փառատոնի բացումը մեկնարկեց Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Անիմացիայի սրտի զարկերը» խորագիրը կրող համերգով։ Հնչում էին հայկական մուլտֆիլմների սիրված երգերն ու երաժշտությունը։

Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։ Դրանք դիտելու հնարավորություն կա մինչև նոյմեբերի 3-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG