Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Երևանում հանդիպել են Զոհրաբ Մնացականյանի, Դավիթ Տոնոյանի հետ


ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, Երևան, 29-ը հոկտեմբերի, 2018թ․
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, Երևան, 29-ը հոկտեմբերի, 2018թ․

Երևան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Ղարաբաղյան կարգավորման միջնորդներին այսօր ընդունել են Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Արտգործնախարարը և համանախագահները մտքեր են փոխանակել Հայաստանում նոր իշխանության ձևավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու միջնորդների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն է հայտնել մինչ այժմ այս առումով ձևավորված դրական դինամիկայի կապակցությամբ:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձել են սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Մնացականյանը շեշտել է, որ դրանց կիրառական դրսևորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձևավորմանն ու խթանմանը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ, հաշվի առնելով, որ Երևանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետև՝ Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը:

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

Մինսկի խմբի համանախագահներին այսօր ընդունել է նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է սեպտեմբերին Դուշանբեում օպերատիվ կապի գործարկման վերաբերյալ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը` հույս հայտնելով, որ համանախագահող երկրները ջանքեր կգործադրեն կողմերի միջև նախիջևանյան ուղղությամբ գործող կապի օրինակով օպերացիոն մյուս ուղղություններով ևս նմանատիպ կապի հաստատման ու գործարկման ուղղությամբ:

Շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը աչալրջորեն հետևում են իրավիճակին և վերահսկում բոլոր շարժերը, Դավիթ Տոնոյանը նշել է, որ ստեղծված պայմաններում անկյունաքարային նշանակություն ունի կողմերի միջև զինադադարի անվերապահ պահպանումը, միջադեպերի կանխարգելման և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը, ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG