ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ զենքի վաճառքի մասին արած հայտարարության ու Հայաստանում դրա արձագանքների մասին խոսեցին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրերը՝ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի ու քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:
«Իշխանությունները բավականին ուշացումով, բայց սկսեցին տրտնջալ՝ հատկապես 2015 թվականից ի վեր, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին: <…> Եվ նաև, ըստ էության, անուղղակիորեն Հայաստանի իշխանությունները միշտ բողոքել են, թե իրենց ուրիշ որևէ մեկը զենք չի վաճառում», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:
«Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը, ում օգնականն էր Վիգեն Սարգսյանը, Deutsche Welle-ին տված հարցազրույցում գանգատվում էր, որ մեր զենքը 70-ականների է: Հիմա, Արևմուտքում կարդում են այդ հայտարարությունները և տեսնում են, որ մի խեղճ Հայաստան, ավելի ճիշտ՝ Հայաստանի խեղճ ու կրակ իշխանություններ, զրկված են որևէ տեսակի այլընտրանքից և միայն ու միայն Ռուսաստանն է, որ նրանց վաճառում է 70-ականների սպառազինություն ու նաև Ադրբեջանին զինում հարձակման համար», - նշեց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Հիմա, ի՞նչ պիտի աներ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման մի երկիր, որի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հենց Հայաստանը, իր թվիթերյան գրառումով գրում է՝ «Հարավային Կովկասում մի շատ բարեկամ երկիր», և որի հետ, ի դեպ, Ձեզ տված հարցազրույցում ինքը հարաբերությունները բնութագրում էր որպես high priority, այսինքն՝ բարձր առաջնահերթության: Մարդիկ գալիս են և ասում են՝ «ընկերներ, եթե դուք գանգատվում եք, որ անպաշտպան եք մնացել ադրբեջանական հարձակման դիմաց, ինչպիսին եղավ 2016 թվականին, ահա մենք առաջարկում ենք ձեզ գնել ամերիկյան սպառազինություն»:
«Նույն իշխանությունը, որը նախկինում գանգատվում էր ամբողջ աշխարհով մեկ, որ իրենց բացի Ռուսաստանը որևէ մեկը զենք չի տալիս, որ Ռուսաստանի տվածն էլ անգամ ուշանում է, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ, կհիշեք, 200 միլիոն դոլարի վարկի շրջանակներում տրամադրվածը, ու հանկարծ այդ նույն իշխանությունը կանգնում է և սկսում է սուր քննադատության ենթարկել Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյային, թե ինչու է նա համարձակվել առաջարկել Հայաստանին սպառազինություններ գնել Միացյալ Նահանգներից։ Սա, կներեք, արդեն խելահեղություն է», - շեշտեց քաղաքագետը:
«Այդ մարդիկ հանկարծ զրկվել են իշխանությունից էն իրավիճակում, երբ նրանց թվում էր, որ դա առավելագույնը կամ նվազագույնը տասնամյակներ շարունակվելու էր էդ իշխանությունը, և անփոխարինելիության կոնցեպտը՝ Սերժ Սարգսյանի, դրա երաշխիքն էին դիտարկում», - իր հերթին, ասաց Հակոբ Բադալյանը։
Քաղաքական մեկնաբանի կարծիքով՝ «նրանք իրենց էդ անդրադարձերով, գուցե նաև՝ ենթագիտակցորեն, պարզապես Սերժ Սարգսյանի հանդեպ են իրենց զզայրույթը և վրդովմունքը դրսևորում, ստիպելով, որպեսզի հասարակությունը թիրախավորի հենց Սերժ Սարգսյանին»․ - «Որովհետև երբ էդ մարդիկ որևէ կերպ քննադատում են ներկայիս իշխանության քաղաքականությունը, ընդ որում՝ բացարձակապես անհիմն քննադատություններով, հասարակությանը անընդհատ առիթ են տալիս հիշելու Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, իսկ երբ այդ քաղաքականությունը հասարակությունը հիշում է, էնտեղ հիշելու շատ քիչ լավ բան կա, և, բնականաբար, էդ քաղաքականությունը հիշում են շատ վատ կերպով»։
«Ինչ վերաբերում է սպառազինության խնդրին՝ մենք մահաբեր կամ հարձակողական սպառազինության, իհարկե, գործակցություն չունենք, բայց տեխնոլոգիական գործակցության մասին կան ոչ պաշտոնական բազմաթիվ ազդակներ, և այդ թվում՝ մեր առաջնագծի տեսադիտարկման հնարավորություններ և այլն, որը նույնիսկ ադրբեջանական մամուլում զայրույթով ներկայացնում էին, թե «Նահանգները էդպիսի բարձր տեխնոլոգիաներ տրամադրել է Հայաստանին, մեզ չի տրամադրվում», և այլն: Այսինքն, էս գործակցությունը կար, և էլի հատկանշական է, որ առաջին անգամ նաև բարձրաձայնվում է առավել լուրջ սպառազինության մասին, և դրա համար եմ նաև սա համարում մեսիջ Բաքվին», - ասաց Բադալյանը:
«Ես կարծում եմ՝ սա պատերազմի արգելման, թեև հանրապետականները խոսում են էն մասին՝ սա պատերազմի խթանում է և այլն, պատերազմի խթանումը կա և բոլորովին այլ արմատներ ունի, հիմա խնդիրը պատերազմը կանխելն է, և սպառազինությամբ հնարավոր է նաև կանխել պատերազմը, ինչքան էլ որ անցանկալի է», - հայտարարեց Հակոբ Բադալյանը։
Անցած շաբաթ Երևան այցի ընթացքում «Ազատությանը» տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը մասնավորապես ասել է․- «Ունենք Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումներ՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ՝ հակամարտության պատճառով։ Բայց կան բացառություններ։ Եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը»:
Այդ հայտարարությունը քննադատեցին Հայաստանի նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ: Մասնավորապես, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց, թե անընդունելի է նման հայտարարություններով կողմերին դրդել պատերազմի։
Ստյոպա Սաֆարյանի և Հակոբ Բադալյանի հետ զրույցը կարող եք դիտել այստեղ․