Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հարուցել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի շորթման հատկանիշներով


Դեռևս չկան մեղադրյալներ, բայց գործում որպես շորթման հեղինակներ ներգրավված են Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորը։

«Ազատության» տեղեկություններով, խոսքը Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանի մասին է, ով, սակայն, «Ազատության» հետ հեռախոսազրույցում վերջինս հերքեց տեղի ունեցածը․ - «Բոլոր հարցերով [դիմեք] իմ փաստաբանին: Դրանք սաղ սուտ ա, տենց բաներ չկա»:

Կարեն Գասպարյանը մեկ այլ գործով էլ է անցնում. նա մեղադրվում է հուլիսի 8-ին Վարդավառի օրը Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Ավետիք Սարգսյանի նկատմամբ սպանության սպառնալիքներ տալու համար։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, քաղաքացին հաղորդել է, որ 4 տարի առաջ՝ 2014-ին, իր նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել իրեն պատկանող ավտոգազալցակայանից:

««ՌՎԳազ-1» ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330 հազար դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով։ Վերջինս նախնական 70 հազար դոլար վճարելով` չի կատարել իր մյուս պարտավորությունները»:

Իրավապահները պարզել են, որ կնքվել է պարտավորագիր, ըստ որի «ՌՎԳազ-1» ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության 50 տոկոսի բաժնետերը շարունակելու էր մնալ վաճառողը՝ մինչև գնորդը մաս-մաս վճարեր պարտքը: «Սակայն գործարքը չի կատարվել․ «ՌՎԳազ-1» ընկերության ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100 տոկոսով անցել է գնորդին, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50 տոկոս մասնաբաժնից», - ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանում գտնվող գազալցակայանի սեփականատերը ժամանելով Հայաստան՝ հանդիպել է տրանսպորտի նախարարության պաշտոնյային, վերջինս հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ: Մի քանի օր անց, այդ պաշտոնյան ու ոստիկանության օպերլիազորը սպառնալով պահանջել են 30 հազար դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են իրականացնել իրենց սպառնալիքը՝ քաղաքացուն փոխանցելով 40 հազար դոլար։

Նախաքննական մարմինը պարզել է նաև, որ այս գործով անցնող օպերլիազորը ընկերոջ հետ 2014 թվականի գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել փաստաթղթեր ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ։ Նա էլ վախի ազդեցության տակ կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։ Արդյունքում ավտոգազալցակայանը 2014-ի մայիսից փաստացի անցել է բարձրաստիճան պաշտոնյային և օպերլիազորին: Այս գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը, որ զբաղվում է կոռուպցիոն բացահայտումներով, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ նախկին իշխանությունների օրոք կանոններն անհավասար էին, կար կոռուպցիա, որն էլ հիմք էր ստեղծել նման երևույթների համար․ - «Կան հսկայական քրեական գործեր, որտեղ շրջանառվում են կոնկրետ անուններ: Եվ դա վկայում է, որ ենթադրյալ որոշ պետական պաշտոնյաներ պետական ապարատը ծառայեցրել են անձնական հարստություն դիզելու գործին: Եվ հիմա այդ մեխանիզմը պետք է արմատախիլ արվի և արմատախիլ է արվում: Ես չգիտեմ վերջին 6-7 ամսվա ընթացքում նշանակված պաշտոնյաներից որևէ մեկին, ով հսկայական հարստություն է դիզել պետական միջոցների հաշվին: Չկա որևէ ահազանգ: Եթե կլինի ահազանգ, ապա ես վստահ եմ, որ իրավապահ կառույցները նույն հետևողականությամբ կզբաղվեն»:

Մկրտչյանը հիշատակեց նախկին իշխանության օրոք տնտեսվարողների կողմից թույլ տված խախտումների մասին։ Ասաց, որ երկու տասնայկից ավելի նյութեր կան, որ պատրաստվուիմ է ուղարկել իրավապահներին։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2018-ի 9 ամիսներին հարուցված գործերով բացահայտվել է պետությանը պատճառված ավելի քան 64 միլիարդ դրամի վնաս: Արդեն վերականգնվել է 10.5 միլիարդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG