Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական պարտքը այս տարի կնվազի՝ կազմելով ՀՆԱ 56.6 տոկոսը․ ՀԲ


Տեքստիլ գործարան Տավուշի մարզում, արխիվ
Տեքստիլ գործարան Տավուշի մարզում, արխիվ

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ 2018թ․ Հայաստանի պետական պարտքը նվազելու է և այդ նվազման միտումը շարունակվելու է նաև գալիք երկու տարիներին` այս կանխատեսումն է արված Համաշխարհային բանկի օրերս հրապարակած զեկույցում:

«Հայացք մակրոաղքատությանը» (Macro Poverty Outlook) անվամբ զեկույցի համաձայն, եթե 2015-17թ․-ին Հայաստանի պետական պարտքը շարունակ աճել է՝ 2017թ․ վերջին կազմելով երկրի ողջ տնտեսության՝ համախառն ներքին արդյունքի 58.9 տոկոսը, ապա այս տարվանից սկսած այն նվազելու է: 2018թ․ պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 56.6 տոկոսը, 2019թ․-ին՝ 55.4 տոկոսը, իսկ 2020թ․-ին ՝ 55 տոկոսը:

Հայաստանի Ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 740 միլիոն դոլար, ինչը 2017թ․ վերջի համեմատ պակաս է գրեթե 35 միլիոն դոլարով: Համեմատության համար նշենք, որ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2018թթ․, Հայաստանի պետական պարտքը աճեց ավելի քան 3.5 անգամ: Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի և Ֆինանսների նախարարության, 10 տարի առաջ՝ 2008թ․ վերջին, Հայաստանի պետական պարտքը կազմում էր մոտ 1.9 միլիարդ դոլար: Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ՝ այս տարվա ապրիլին, պետական պարտքը կազմում էր 6 միլիարդ 867 միլիոն դոլար:

Համաշխարահային բանկի զեկուցը ՀՆԱ֊ի համեմատ պետական պարտքի նվազումը կապում է առաջիկա տարիներին երկրի տնտեսության շարունակական աճի հետ, որը այս տարի կանխատեսվում է 5.3 տոկոս, 2019թ․՝ 4.3 տոկոս, իսկ 2020թ․՝ 4.6 տոկոս:

«2018թ․ ապրիլ-մայիսին տեղի ունեցած խաղաղ հեղափոխությունը խոչընդոտ չհանդիսացավ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումների համար: Հայաստանի տնտեսությունն, ընդհանուր առմամբ, շարունակում է դրական պատկեր ունենալ»,- փաստում է Համաշխարհային բանկի զեկույցը, ուր նաև մատնանշվել են այն ռիսկերը, որոնք կարող են ազդել երկրի տնտեսության վրա՝ Հայաստանի համար կարևոր առևտրատնտեսական գործընկեր երկրներում՝ Ռուսաստանում, Իրանում տնտեսական աճի դանդաղումը, պղնձի միջազգային գների անկումը, ներքին քաղաքական ռիսկերը:

«Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան»-ի գործադիր տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Հեղինե Մանասյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ տարվա սկզբի համեմատ թե՛ Համաշխարհային բանակը, թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը հայաստանյան տնտեսության ավելի բարձր աճ են կանխատեսել:

«Երկու դեպքում էլ վերանայված են վերընթաց ուղղությամբ: Եթե տարեսկզբին, օրինակ, Համաշխարհային բանկը Հայաստանի համար նախատեսում էր 3.8 տոկոսի տնտեսական աճ, հունիսի հրապարակման մեջ արդեն նշել էր 4.1 տոկոս: Հունիսը ես կարևոր եմ համարում, որովհետև հեղափոխության ալիքը արդեն ակնհայտ էր և հոկտեմբերին էլ ավելի է բարձրացնում՝ մինչև 5.3 տոկոս», - մատնանշում է Մանասյանը:

Սակայն, ըստ տնտեսագետի, նման աճը, անշուշտ, չի կարող լուծել երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները․ - «Մեր տնտեսական աճը պետք է գոնե տարեկան երկնիշին մոտ թիվ լինի, որպեսզի մենք կարողանանք փոքրիշատե էական տեղաշարժ գրանցել զարգացումներում, որովհետև մենք բազմաթիվ սոցիալական հարցեր ունենք, այդ սոցիալական հարցերը լուծելու աղբյուրը, այո՛, տնտեսական աճն է: Տնտեսական աճը հնարավոր է, եթե կան ներդրումներ, եթե կան նոր աշխատատեղեր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG