Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ղեկավարած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը ծանր կորուստներ է կրել կիրակի օրը Հեսեն երկրամասում կայացած տեղական ընտրությունների ընթացքում: Կուսակցությունը ստացել է երկրամասի ընտրողների քվեների 27 տոկոսը, ինչը 10 տոկոսով պակաս է 2013 թվականին արձանագրած արդյունքից: Չնայած այս անհաջողությանը՝ քրիստոնյա-դեմոկրատները կշարունակեն մնալ Հեսենի երկրամասային խորհրդարանի` Լանդթագի խոշորագույն խմբակցությունը:
«Այս երեկո մենք բավական հակասական զգացմունքներ ունենք: Մի կողմից՝ մենք ծանր կորուստներ ենք կրել, մյուս կողմից՝ կարողացել ենք հասնել այս ընտրություններում մեր առջև դրված երկու հիմնական նպատակներին` շարունակում ենք մնալ ամենաազդեցիկ կուսակցությունը, և առանց մեր մասնակցության երկրամասային կառավարություն ձևավորվել չի կարող», - քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարում էր Հեսենի վարչապետ Ֆոլկեր Բուֆիերը:
Կիրակնօրյա ընտրություններում աննախադեպ ցածր ցուցանիշ է արձանագրել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը` 20 տոկոս, նախորդ ընտրությունների 30-ի փոխարեն:
«Սա մեր կուսակցության արձանագրած վատթարագույն ցուցանիշն է 1946 թվականից ի վեր», - հայտարարում էր Հեսենի սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Թորսթեն Շաֆեր-Գումբելը:
Փոխարենը, ընտրությունների ընթացքում լուրջ հաջողություն է արձանագրել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցությունը: Այն ստացել է Հեսեն երկրամասի ընտրողների շուրջ 12 տոկոսի ձայները: