Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին:
Հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի դատախազությունից նյութեր նախապատրաստելու ցուցումով ոստիկանության Նաիրիի բաժին է ուղարկվել «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության փաստացի սեփականատեր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության քաղաքացու և վերջինիս ներկայացուցչի՝ Հայաստանի վարչապետին հասցեագրված դիմումն այն մասին, որ 2014 թվականին բռնություն գործադրելու սպառնալիքով ստիպել են հրաժարվել ընկերության ավտոգազալցակայանից:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ընկերության փաստացի սեփականատերը ցանկացել է նշված ավտոգազալցակայանը 330 հազար դոլարով վաճառել Արմավիրի մարզի Տանձուտ համայնքի բնակչին` գումարը մաս-մաս վճարելու պայմանով, ով նախնական 70 հազար դոլար վճարելով՝ չի կատարել իր մյուս պարտավորությունները:
«Համաձայն կնքված պարտավորագրի՝ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության գազալցակայանի անշարժ ու շարժական գույքը պետք է ներդրվեր գնորդի կողմից ստեղծված «ՍԼԼ գազ» ՍՊ ընկերության կանոնադրական կապիտալի մեջ, միևնույն ժամանակ ընկերության 50 տոկոսի բաժնետերը շարունակելու էր մնալ «ՌՎԳազ-1» ՍՊ ընկերության սեփականատիրոջ անվամբ՝ մինչ վերը նշված պարտավորությունների կատարումը: Սակայն պարզվել է, որ «ՌՎԳազ-1» ՍՊԸ ավտոգազալցակայանն իր անշարժ ու շարժական գույքով 100 տոկոսով ներառվել է «ՍԼԼ գազ» ՍՊԸ-ի սեփականության մեջ, որի արդյունքում բաժնետերը զրկվել է 50 տոկոս մասնաբաժնից», - ասված է հաղորդագրությունում:
«Այդ ընթացքում ավտոգազալցակայանի փաստացի սեփականատերը, այն գնել ցանկացող Տանձուտ համայնքի բնակչից տեղեկանալով վերոհիշյալի մասին, ժամանել է ՀՀ, հանդիպել է հիշյալ նախարարության վարչության պետին, ով հայտարարել է, որ գազալցակայանը փաստացի խլել է գնորդից և պահանջել է այսուհետ գործ ունենալ միայն իր հետ: Մի քանի օր անց, նույն պաշտոնատար անձն ու ոստիկանության օպերլիազորը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում սպառնալով պահանջել են 30 հազար դոլարի դիմաց հրաժարվել գազալցակայանից, իսկ հաջորդ օրը կարողացել են ի կատար ածել իրենց սպառնալիք-պահանջը` քաղաքացուն փոխանցելով 40 հազար դոլար», - փոխանցում է Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 15-ին ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի բաժնում Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով` «շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», հարուցվել է քրեական գործ, որը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել է Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:
Տվյալ քննչական բաժնում կատարված նախաքննության արդյունքներով տվյալներ են ստացվել այն մասին, որ վերոհիշյալից բացի, ոստիկանության նույն օպերլիազորն ընկերոջ հետ, 2014 թվականի գարնանը ատրճանակների գործադրման սպառնալիքով, Տանձուտ գյուղի բնակչին պարտադրել են ստորագրել համապատասխան փաստաթղթեր` ավտոգազալցակայանում ունեցած բաժնեմասից հրաժարվելու վերաբերյալ, վերջինս էլ, վախի ազդեցության տակ, կատարել է նրանց պահանջը և հրաժարվել գազալցակայանից։ Արդյունքում՝ ավտոգազալցակայանը 2014-ի մայիսից փաստացի անցել է վերոհիշյալ պաշտոնատար անձանց տիրապետության տակ, որը շահագործվել է նրանց կողմից և հանդիսացել եկամտի աղբյուր, հաղորդում է Քննչական կոմիտեն:
Նկատի ունենալով, որ օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավար աշխատողների կողմից իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններով նախաքննությունը կատարվում է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) քննիչների կողմից, հոկտեմբեր 24-ին որոշում է կայացվել նշված քրեական գործը, ըստ քննչական ենթակայության, ՀՔԾ ուղարկելու մասին: