Մատչելիության հղումներ

Ալեն Սիմոնյան․ Հույս ունեմ՝ կունենանք Ազգային ժողով, որը ավելի քաղաքական կլինի


Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը դեռևս չի կարող ասել, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններում ովքեր կլինեն իրենց ցուցակի առաջին հնգյակում: Պատգամավորը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հոկտեմբերի 28-ի թողարկման հյուրն էր: Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․

«Ազատություն»․ - Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել ցուցակի առաջին հինգ անդամների անունները:

Ալեն Սիմոնյան․ - Չեմ կարող ասել, որովհետև որևիցե մեկը չգիտի այդ հինգ առաջին անունները: Ենթադրում եմ, ոչ թե ենթադրում եմ, այլ ըստ տրամաբանության՝ առաջին համարը կլինի պարոն Փաշինյանը, հետո արդեն կտեսնենք՝ կախված նրանից, թե ինչ քաղաքական որոշում կկայացվի:

«Ազատություն»․ - Իսկ այս պահին խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող պատգամավորները կլինե՞ն բոլորը այդ հնգյակի մեջ:

Սիմոնյան․ - Ենթադրում եմ, որ այո, կլինեն: Կարծում եմ՝ մենք կտեսնենք բավականին հետաքրքիր պատկեր Ազգային ժողովում: Հույս ունեմ, որ երկուշաբթի օրը քննարկվելիք Ընտրական օրենսգիրքը, որը կրկին մտել է օրակարգ, այս անգամ կստանա բավարար չափով ձայներ, և մենք կունենանք մի Ազգային ժողով, որը ավելի քաղաքական կլինի, և որտեղ ներկայացված կլինեն չորս քաղաքական ուժ, և այ այդտեղ արդեն կորոշենք և կհասկանանք:

«Ազատություն»․ - Հնարավոր չէ՞, որ Դուք որևէ կանխատեսում անեք, ո՞ր ուժերն են դրանք, Ձեր կարծիքով:

Սիմոնյան․ - Ես, անկեղծ ասած, կարող եմ երեք ուժ ասել, որովհետև չորրորդի մասով կարող եմ սխալվել: Բայց պետք է ասեմ, որ դա իմ կարծիքն է՝ զուտ հենվելով քաղաքի ընտրությունների վրա [Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությունների]: Ես կարծում եմ՝ մենք կունենանք նույն պատկերը, այսինքն՝ կլինի «Իմ քայլը» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը և «Լույս» դաշինքը: Դա՝ զուտ հենվելով քաղաքի ընտրությունների վրա: Ենթադրում եմ, որ չորրորդ տեղի համար, չորրորդ ուժի համար շատ մեծ պայքար է գնալու: Տեսնենք:

«Ազատություն»․ - Կարծում եք՝ Հանրապետականին կարող է նաև զրո տե՞ղ հասնել:

Սիմոնյան․ - Ինչպես վարչապետը արդարացիորեն ասաց, եթե մենք գնանք այս Ընտրական օրենսգրքով, գործող Ընտրական օրենսգրքով, դա իրոք կբերի շատ ծայրահեղ բանավեճի, որը որ ձեռք չի տալիս Հանրապետականին: Որովհետև, անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում Հանրապետականի օդիոզ ֆիգուրներին, հա՞, որոնք հիմա փորձում են իրենց վրա այդ քաղաքականորեն մահացած հիմնարկը տանել, որտեղ են իրենք առաջադրվելու ռեյտինգայինով, այսինքն՝ որտեղ են մրցելու պարոն Աշոտյանը, պարոն Շարմազանովը, որտեղ են իրենք փորձելու ռեյտինգով հաղթել որևիցե մեկին:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG