Մատչելիության հղումներ

Վանաձորում 69 համայնքապատկան բնակարան է «անհետացել». դիմում է ներկայացվել Պետական վերահսկողական ծառայություն


Վանաձորի տնակների հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի անդամները նամակով դիմել են Պետական վերահսկողական ծառայություն՝ համայնքապատկան բնակարանների մասին քաղաքապետարանից ստացած հակասական տեղեկությունները ստուգելու խնդրանքով։

Հանձնաժողովի անդամ Գևորգ Քոթանջյանը, ով ամիսներ շարունակ ուսումնասիրում է համայնքի ենթակայության բնակարաններն ու դրանք տնակներում բնակվող ընտանիքներին հատկացնելու հնարավորությունը, կասկածներ ունի, թե քաղաքապետարանի կողմից առնվազն 69 բնակարան յուրացվել է կամ դրանց մասին Վանաձորի իշխանությունների տրամադրած տվյալները կեղծ են։

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած հանձնաժողովի հերթական նիստին, Քոթանջյանը շեշտեց՝ քաղաքապետարանից ստացված տեղեկություններով այս տարի մի քանի ամսվա ընթացքում համայնքապատկան 712 բնակարանների թիվը 87-ով պակասել է, մինչդեռ դարձյալ պաշտոնական տվյալների համաձայն 2018 թվականին ընդամենը 18 բնակարան է սեփականաշնորհվել։

«Այսինքն, ես չեմ տեսնում՝ էդ 69 բնակարանները ուր են», - ասաց Քոթանջյանը։

Վերջերս համայնքային ենթակայության բնակելի տներն իրենց հատկացնելու պահանջով քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում արդեն 30 տարվա կենսագրություն ունեցող տնակների բնակիչները, պնդելով, թե քաղաքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցներն են տնօրինում այդ բնակարանները։ Անգամ մեղադրանքներ հնչեցրին, թե վաճառում են դրանք։

«Գումար էին ուզում, որ ինձ տուն տային, չունեի, որ տայի, ինչո՞վ տայի։ Ամենքի մոտ 15 հատ բլանիք կա, թող էդ բնակարանները տան էս ժողովրդին», - նշեց վանաձորցիներից մեկը։

Ակցիայի ժամանակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոստացել էր տրամադրել բոլոր բնակարանների ցանկը։ Այդ ցանկը հասել է տնակների հարցերով զբաղվող հանձնաժողովին, բայց առանց առեղծվածային 69 բնակարանների։

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու նրա ենթակա պաշտոնյաները հերքում են յուրացումների մասին մեղադրանքները։ Քաղաքապետը մատնացույց է անում՝ «ձեր դժգոհությունների հասցեատերը ես չեմ»։

«Որևէ մեկը, եթե ունի քրեական կասկածանքներ, դրա տեղը ստեղ չի։ Կան իրավապահ մարմիններ, դուք դիմում եք, ասում եք՝ Քաջիկ Թադևոսյանի, Սուրեն Աբովյանի, Մամիկոն Ասլանյանի ջեբը բանալիներ կան, կամ Մամիկոն Ասլանյանը իրա բարեկամին տուն ա տվել երկու տարվա ընթացքում», - ընդգծեց Մամիկոն Ասլանյանը։

Հանձնաժողովի անդամ բնակիչների դիտարկմանը, որ եթե անգամ դուք չեք մեղավոր՝ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք են կատարվել ապօրինությունները, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. ֊ «Ես ստեղ ոստիկանության աշխատակից չեմ, ոչ էլ կարամ մարդկանց անուններ տամ։ Հիմա ում որ Դարբինյան Սամվելը տունա տվել, նա շատ գոհ, շնորհակալա, բնականաբար՝ ում չի հասցրել տուն տալ, նա պըտի դժգոհի»։

Իր դիտարկումները Պետական վերահսկողական ծառայության պետին հասցեագրած վանաձորցի Գևորգ Քոթանջյանը բնակիչների կասկածները հիմնավոր է համարում՝ շեշտելով, որ Վանաձորում համայնքապատկան բնակարանները գույքագրված չեն՝ չունեն համայնքային սեփականությունը հավաստող վկայականներ, որի դեպքում դրանց նկատմամբ վերահսկողությունն ավելի հստակ կարող է լինել։

«Չփաստաթղթավորված բնակարանների նկատմամբ մանիպուլյացիան հեշտանում է», - «Ազատությանն» ասաց Գևորգ Քոթանջյանը։ ֊ «Այսինքն, ցույց ա տալիս էս ամեն ինչը, որ կա կոնկրետ մանիպուլյացիա, ու էդ անճշտությունները կարան լուրջ հիմք ծառայեն, որ դա դիտվի որպես յուրացում։ Մենք միտված ենք մտածել, որ այստեղ կա հանցագործություն», - հավելեց նա։

Մինչդեռ նախկին նոտար քաղաքապետը հանձնաժողովի նիստի ժամանակ հակադարձեց՝ անշարժ գույքի ոլորտում ապօրինությունն անհնար է։

«17-18 տարի անշարժ գույքի հետ եմ կապ ունեցել, որևէ անգամ չեմ մտածել, որ մեկը կարա անշարժ գույքի վրա մանիպուլյացիա անի։ Էլի եմ ասում, կրկնում եմ ու իմ խոսքերին մինչև վերջ տեր եմ», - ասաց քաղաքապետը։

Քաղաքապետարանին համայնքային միջոցների յուրացումների մեջ մեղադրող Գևորգ Քոթանջյանն ասում է՝ ըստ հասցեների դեռևս բնակարանների ուսումնասիրություն չեն իրականացրել, բայց ձեռքի տակ եղած բոլոր տվյալներն ուղարկել են վերահսկողական ծառայության պետին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG