Մատչելիության հղումներ

«Չեմ կարծում, թե Հայաստանում արժանի թեկնածուների պակաս կա». Վահե Գրիգորյան


Սահմանադրական դատարանը ժամանակի քաղաքական իշխանության անհեռատեսության պատճառով վաղուց արդեն կնիքված է որպես կուսակցական դատարան, ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը, որին նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում էր առաջադրել։

Հոկտեմբերի 23-ին խորհրդարանը Վահե Գրիգորյանին չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր։ Քվեարկությունը փակ֊գաղտնի էր և ընտրվելու համար անհրաժեշտ էր 63 կողմ, մինչդեռ ընտրությանը մասնակցել էր ընդամենը 53 պատգամավոր, որոնցից 30-ը կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը, 23֊ը՝ դեմ:

«Դատավորների մեծամասնությունը ընտրվել են մեկ քաղաքական կուսակցության կողմից վերահսկվող Ազգային ժողովի կողմից, կամ նշանակվել են Հանրապետական կուսակցության նախագահի կողմից, որն այդ ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնում էր», ֊ «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Գրիգորյանը։ ֊ «Այս դատարանի մեծամասնությունը ժամանակին այդ կերպ է ձևավորվել, և այդ ձևավորման ընթացքում այդ դատավորների թեկնածությունը հանրային խոշորացույցի տակով չի անցել։ Երբևէ որևէ բացատրություն չի եղել, թե ինչու է այս կամ այն թեկնածուն ընտրվել։ Եվ հանրության մոտ կայուն համոզմունք կարող էր ձևավորվել, որ այդ դատավարներն ընտրվում են կուսակցական բացարձակ հայեցողությամբ և նպատակահարմարությամբ»։

Դեռևս մայիսին նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանի թեկնածությունը, սակայն նա ևս չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր. ՍԴ անդամն ընտրվում է խորհրդարանի առնվազն երեք հինգերորդի՝ 63 պատգամավորների ձայներով։ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն քվեարկությունից հետո՝ 10-օրյա ժամկետում, Հանրապետության նախագահը նոր թեկնածու պետք է առաջադրի։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք կրկին առաջադրվելու դեպքում պատրաստ է ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, Գրիգորյանը պատասխանեց. Հայաստանում իր ջանքերը կենտրոնացրել է հատկապես Սահմանադրական դատարանում բարեփոխումներ իրականացնելու վրա. ֊ «Չեմ կարծում, թե Հայաստանում արժանի թեկնածուների պակաս կա։ Այնպես որ՝ հերթը ինձ հասնելուց, բնականաբար, ես համաձայն եմ լինել և իմ ցանկությունն է առաջադրվել, այո»։

Վահե Գրիգորյանն այսօր անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի բացառում, որ չորեքշաբթի օրը կարող է չընտրվելու նախապայմանով կրկին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Փաստաբանի խոսքով՝ այս փուլում վարչապետի թեկնածու չառաջադրելը որևէ խոչընդոտ չի հանդիսանա Ազգային ժողովի արձակման համար. ֊ «Նախորդ քվեարկությունից հետո՝ 7-օրյա ժամկետոմ, վարչապետ չընտրվելու դեպքում՝ Աժ-ն իրավունքի ուժով արձակվում է։ Շեշտադրումը պիտի կատարվի Սահմանադրությամբ նախատեսված հետևանքի վրա՝ չընտրվելու վրա, այսինքն՝ նույնիսկ եթե վարչապետի թեկնածու չառաջադրվի, որևէ կերպ ընթացքը 7-օրյա ժամկետի չի կասեցվելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG