Երեկ վարչապետի պաշտոնակատարի մոտ խորհրդակցության ժամանակ տնտեսության զարգացման ցուցանիշներն են ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:
«Շինարարությունն աճում է ավելի բարձր տեմպերով, քան պլանավորած ենք եղել 2018-ի համար: Ունենք 7,6 տոկոս փաստացի տնտեսական ակտիվություն: Տարվա համար ծրագրված ցուցանիշը կազմում է 6,1 տոկոս: Ծառայություններում նույնպես ունենք ավելի բարձր ցուցանիշ․ 19,1 տոկոս արձանագրված փաստացի տնտեսական ակտիվություն: Կանխատեսված է եղել 8: Մնացած ձեռնարկությունները, որոնք արդյունաբերական արտադրանքի 30 տոկոսն են թողարկում, իրենք նաև մոտավորապես 30 տոկոսով աճել են նախորդ տարվա նկատմամբ», - ներկայացրեց Տիգրան Խաչատրյանը:
Ու թեև ցուցանիշները դրական են, սակայն տնտեսական աճի տեմպերը վերջին ամիսներին դանդաղել են:
Վարչապետի խորհրդական, տնտեսագետ Արտակ Մանուկյանն է բացատրում․ - «Դանդաղման պատճառը պայմանավորված է ինչպես գյուղատնտեսության ոլորտում որոշակիորեն դանդաղող կամ բացասական զարգացումներով նախորդ տարվա համեմատ: Նաև պայմանավորված է հանքարդյունաբերության բնագավառի ավելի քիչ դերակատարմամբ: Շատ դժվար է ակնկալել, որ էս տրանսֆորմացիան շատ կարճ ժամանակում կլինի: Հանքարդյունաբերության ոլորտը պատկերացրեք՝ Թեղուտի հանքավայր, Ամուլսարի հետ կապված անորոշությունները, որոնք նաև տեղ են գտնում ներդրումային ծրագրերում, հիմա պետք է փորձեց ինչ-որ մի բանով փոխարինես»:
Այս տարվա փետրվարին դադարեցվեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը, շարունակվում է բաց մնալ նաև Ամուլսարի ոսկու հանքը շահագործել-չշահագործելու հարցը: Իսկ Հայաստանի արդյունաբերության զարգացման մեջ հատկապես մեծ է եղել հենց հանքարդյունաբերության չափաբաժինը: Արդյունաբերության ոլորտում վերջին 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 4 տոկոս աճ՝ ծրագրված 5-ի փոխարեն:
«Կարևոր է, իմ կարծիքով, ոչ միայն թվային ցուցանիշների աճը, որը որ ես ներկայացրեցի, այլ այն մեսիջները, որոնք բյուրեղանում են և դառնում են կյանքի որակի վրա ազդող գործոններ: Երբ որ խոսվում է ներառական աճի մասին, այդ աճը ներառի նաև քաղաքացուն», - նշեց Արտակ Մանուկյանը:
Նրա հավաստմամբ, կառավարությունը բյուջետային ծախսերի արդյունավետությունը ու հասցեականությունը բարձրացնելու միջոցառումներ է մշակում, ինչի դրական հետևանքները քաղաքացիները կզգան արդեն հաջորդ տարի: Տ
«Ազատությունը» հարցում անցկացրեց երևանցիների շրջանում, թե արդյոք տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրված տնտեսական աճն ազդել է քաղաքացիների կենսամակարդակի վրա և, նրանց կարծիքով, տնտեսության հատկապես որ ոլորտների զարգացումն է անհրաժեշտ խթանել:
Հարցվածների մեծամասնությունը որևէ ազդեցություն կենսամակարդակի վրա չի զգացել:
Միջին տարիքի մի քաղաքացի ասաց․ - «Ներդրումների քանակը պետք է ավելանա, ավելի շատ մրցակցություն պետք ա լինի, որպեսզի աշխատավարձերը բարձրանան և դա ազդի քաղաքացիների բարեկեցության վրա»:
Կենտրոնական բանկն ակնկալում է տարին ամփոփել 3,3 - 3,5 տոկոս գնաճով, ինչն ավելի պակաս է, քան կանխատեսվում էր:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդակցության ժամանակ նշել է, որ տարեսկզբից աճել է հիփոթեկային, արդյունաբերությանը և գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի ծավալը: