Մատչելիության հղումներ

Լեզվի կոմիտեի նախագահ․ Պիտի փորձենք վերահսկել կանխարգելելու միջոցով


Դավիթ Գյուրջինյանը որպես Լեզվի կոմիտեի նախագահ պաշտոնավարում է այս տարվա հունիս ամսից:

Լրագրողների հետ հանդիպմանը նա հավաստիացրեց, որ այս ընթացքում արդեն իսկ որոշակի քայլեր են արել՝ սերտացրել են հասարակության հետ կապը՝ ստեղծելով ֆեյսբուքյան էջ, առաջիկայում նախատեսում են ստեղծել իրենց կայքը, Լեզվի կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկումներ են անցկացրել՝ համագործակցելով տարբեր հեռուստաընկերությունների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել գրական հայերենի դիրքերը մեր երկրում:

«Բոլորիս քաջ հայտնի է, որ նաև հեռուստատեսության մեղքով, գրական հայերենի դիքերը նահանջել էին», - նշեց Գյուրջինյանը:

Այս ընթացքում պատրաստվել և Հայաստանի ու Սփյուռքի 350 ամենատարբեր հաստատությունների և կազմակերպությունների են (այդ թվում՝ ՀՀ կառավարություն և Ազգային ժողով) ուղարկվել հորդորակներ՝ լեզվական սխալների հետ կապված:

Գյուրջինյանն ասաց, որ այսուհետ այս կամ այն մշտադիտարկման արդյունքում նման հորդորակների պատրաստումն ու տարածումը պարբերական բնույթ կրելու: Նախկինում այս կամ այն խախտման համար հնարավորություն ունեին տուգանքների շնորհիվ պատժամիջոցներ կիրառել, ներկայումս նման հնարավորություն չունեն․ - «Մեր կանոնադրության մեջ այդպիսի կետ չունենք, դա մեր գործառույթը չէ տուգանելը: Եվ քանի Հայաստանը հիմա գտնվում է տեսչական բարեփոխումների փուլում, նախկին տեսչության այդ գործառույթը մեզ տրված չէ: Այդ հարցում, իհարկե, ես հսկայական անելիք պետք է ունենայի, և պիտի համագործակցենք՝ զուտ պետական լեզվի շահից ելնելով, տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ինչպես նաև տնտեսավարողների, որոնց պարբերաբար հիմա էլ մենք տեղեկացնում ենք, ասենք՝ ցուցահանդես եք կազմակերպել, և վահանակների զգալի մասը հայերեն չէ: Լեզվական վերահսկողության գործառույթ մենք ունենալու ենք․․․ մենք պիտի փորձենք վերահսկել կանխարգելելու միջոցով»:

«Ազատության» հարցին, թե որն է այս ոլորտի կարևորագույն հիմնախնդիրն այս պահի դրությամբ, Դավիթ Գյուրջինյանն արձագանքեց․ - «Համար մեկ խնդիրը՝ հայերենի՝ պետական լեզվի կարգավիճակի գիտակցումը մեր հասարակության բոլոր խմբերի կողմից: Հայերեն խոսող մարդիկ են, մեզ հետաքրքրում է հայերենի շահը, ամենաբարձր պաշտոնյան լինի թե սովորական լրագրող»:

Մեր օտարամոլությունը, հայերենը օտար լեզուներին ստորադասելը, առավել ակնառու է դառնում ցանկացած բնակավայրում շրջելիս, երբ այս կամ այն վայրում հաճախ խիստ անհարկի օտարալեզու վահանակների ես հանդիպում:

«Ցավոք, սա միմիայն մեր մտածողության արդյունքն է», - համոզված է Դավիթ Գյուրջինյանը: - «Տնտեսավարողները, կարծես թե, լիարժեք չեն ըմբռնում խնդիրը: Մարդը մի փոքրիկ խցիկ է բացում՝ վրան դնում է օտար անուն, օտար տառերով․․․ Դա օտարամոլության հետևանքն է, հայերեն խոսքը, հայերենը չսիրելու, չգնահատելու հետևանք է»:


Իսկ օտարամոլության ակունքները մեր ոչ վաղ անցյալում են․ - «Պատճառներից մեկը պիտի փնտրել խորհրդային անցյալում: Գուցե՝ ավելի վաղ էլ, երբ հայ հասարակությունը օտար լեզուն գերադասում էր: Իսկ ամենամոտ շրջանը խորհրդայինն է, դրա համար կարող ենք հիշել, որ ռուսերեն պիտի իմանայիր, որ այս կամ այն աշխատանքի անցնեիր: Հիմա էլ բացվել է, այդ վարագույրը չկա, անկախ ենք և ազատ երթ ու դարձ կա, և դա լավ է, որ կա․ իրականում գիտակցում ենք, որ օտար լեզուներ պիտի իմանալ: Այո՛, պիտի իմանալ: Կրկին խնդիրը հասարակական մտայնության մեջ է: Մեր խնդիրը պիտի լինի հայերենը չդարձնել փողոցի, սովորական խոսակցական մակարդակի, այլ այնպիսին, ինչպիսին մենք ենթադրում ենք՝ 21-րդ դարի զարգացած լեզու, որը մեր երկրի պետական լեզուն է՝ մեկ: Եվ մեր ազգային ամենամեծ հարստությունն է, մեզ իրար կապող ամենահզոր միջոցը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG