Մատչելիության հղումներ

Երևանում օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է շուկայականից էժան, հարուցվել է քրեական գործ․ դատախազություն


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելով օտարման ոչ ենթակա գույքը շուկայականից ավելի քան 5 անգամ ցածր գնով վաճառելու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից Երևանի քաղաքապետարանի նախկին՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությունից ստացված գրության հիման վրա ուսումնասիրվել է մայրաքաղաքի Չարենցի 25/1 հասցեում գտնվող՝ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հանրակրթական դպրոցի հարակից աստիճանահարթակը և սիզամարգերն ընդգրկող հողատարածքի վաճառքի հանգամանքները:

Դատախազության հաղորդագրության համաձայն՝ «ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, բավարար տվյալներ ունենալով այն մասին, որ նշված հողամասն ընդգրկված է Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման գոտում և, որպես այդպիսին, ենթակա չէ օտարման, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և առանց սահմանված կարգով գույքի գնահատման, նշված հողատարածքը վաճառել են ընդամենը 81.928.700 ՀՀ դրամով»: «Գնորդը հետագայում գույքը երկու անգամ գրավադրել է բանկում: Այդ շրջանակներում իրականացված անշարժ գույքի գնահատմամբ հողատարածքը մի դեպքում գնահատվել է 445.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ հաջորդող գրավով գրավադրման ժամանակ՝ 458.350.000 ՀՀ դրամ», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից այսօր քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ», նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեի քննիչին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG