Մատչելիության հղումներ

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԸՕ նախագծին


Ազգային ժողովի երկուշաբթի օրվա արտահերթ նիստին ընդառաջ Ընտրական օրենսգրքի նախագիծը նախ այսօր քննարկվեց պետաիրավական հանձնաժողովում:

Նախագծում որոշ դրույթների ձևակերպումներն են պարզեցվել: Օրինակ՝ կրկին հստակեցվել է խորհրդարանում 4 ուժերի ներկայացվածության և մանդատների բաշխման հարցը: Նախագծով առաջարկվում է Ազգային ժողովում 3-ի փոխարեն 4 քաղաքական ուժի ներկայացվածություն ապահովել, սակայն 4-րդ ուժը կարող է հայտնվել այն դեպքում, եթե հավաքում է ընտրություններին մասնակցած քաղաքացիների ձայների 2 տոկոսը: Այս շեմը կարող է նվազեցվել միայն այն դեպքում, եթե 3-րդ ուժն էլ չհաղթահարի 2 տոկոսը և անգամ ստանա 1 տոկոսից էլ ցածր քվե: Երեք ուժի ներկայացվածությունը պարտադիր է՝ անկախ երրորդի ստացած քվեի քանակից:

Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին փոփոխություններին, ինչպես նաև արտահերթի օրակարգում Ընտրական օրենսգրքի նախագծի հարցն ընդգրկելուն:

Նախագիծն ընդունելու համար հարկավոր է 63 կողմ:

Հոկտեմբերի 22-ի նիստում նախագիծն ընդունելու համար պակասեց յոթ քվե:

Հանրապետական խմբակցությունը դեմ էր նախագծին և չմասնակցեց քվեարկությանը, խմբակցությունից երեք հոգի դեմ քվեարկեցին:

«Ծառուկյան» խմբակցությունից չորս պատգամավոր չմասնակցեց՝ այդ թվում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, որն այդ օրը Ազգային ժողովում էր:

ՀՅԴ-ից քվեարկությանը ներկայացավ երկու պատգամավոր: Այս նախագծով ընտրական համակարգը դառնում է ամբողջությամբ համամասնական և ընտրատարածքներում վարկանիշային ցուցակներով թեկնածուներ չեն առաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG