«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս մահացած նորածնի հայրը՝ Լևոն Գևորգյանը, իր առաջնեկի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Ասում է՝ բժիշկներն իր կնոջ հղիության ողջ ընթացքը գերազանց են գնահատել: վերջին ստուգումը եղել է ծննդաբերելու նախորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին: Հաջորդ օրը երեխան ծնվել է, ժամեր անց ստացել են մահվան բոթը:
«Ասում եմ՝ ինչի՞ցա ըտենց էղել, ես ամսի 19-ին «Էխո»֊ի եմ տարել իմ կնոջը՝ վերջնական կոնսուլտացիային, ինձի գերազանց պատասխաններ են տվել: Կնոջս ասել են՝ ամեն մի հղի չի, որ սենց բախտավոր հղիություն կունենա», - պատմում է նա:
Նորածնի հայրն ու հարազատներն «Ազատության» հետ զրույցում ասացին՝ չեն կարողանում մոռանալ բուժանձնակազմի արհամարհական վերաբերմունքը: Նորածնի հոր պնդմամբ, մարդկային վերաբերմունքի են արժանացել բացառապես հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների կողմից:
«Բարձրանում եմ կնոջս մոտ՝ ոչ ավել, ոչ պակաս՝ ինձ ասումա էրեխուս գլուխը կերան: Ասումա՝ ես պնդում էի, որ ինձ լավ չեմ զգում, կեսարյան արեք, ասում էին՝ ձենդ կտրի, ինչքան խոսաս՝ քեզ չեմ լսելու: Բժիշկներից մեկը, ասումա, ինձ ասում էր՝ աղջի, ուժ տուր՝ հելնի, շա՞ռ ես վրեքներս», - պատմում է վրդովված հայրն ու հավելում․ - «Մեր Հայաստանի բժշկություննա էսի: Չեմ ուզում բոլորին նույն կշեռքի վրա դնեմ, բայց էս անմարդկային վերաբերմունքի համար պետք ա լինի արդար դատ: Առանց վատ զգալու մահացած էրեխուն տալիս են մոր գիրկը»:
Դեպքից երեք օր անց «Շենգավիթ» ԲԿ-ն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարություն տարածեց, ըստ որի՝ 23-ամյա հղի կնոջ ծննդաբերության առաջին փուլն ընթացել է առանց բարդությունների, սակայն երկրորդ փուլի սկզբում երեխայի սրտի բաբախը խիստ տուժել է: Չնայած իրականացված ինտենսիվ վերակենդանացման միջոցառումներին՝ նորածինը մահացել է: Կենտրոնից «Ազատությանը» տրված գրավոր պատասխանում նշված է՝ մենք սպասում ենք դատաբժշկական փորձաքննության վերջնական արդյունքների հրապարակմանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Եթե պարզվի, որ բժշկական օգնություն իրականացնողի թերացումն է եղել նորածնի մահվան պատճառը, ըստ այս հոդվածի, կպատժվի 2-6 տարվա ազատազրկմամբ, պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով:
«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում», - արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Մինչ քրեական գործի ավարտն ու դատաբժշկական փորձաքննության արդյունքների հրապարկումը՝ մահացած նորածնի հարազատները պնդում են՝ կառավարությունն այլևս չպետք է այս բժշկական կենտրոնին պետպատվեր տրամադրի, դիմում են երկրի առաջին դեմքին: - «Ամեն մի բժիշկ, ով իրա մեղքի բաժինն ունի իմ էրեխու մահվան մեջ, պիտի պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Ես չեմ ուզում էս ցավը, էս հոգեկան ապրումները ուրիշ ընտանիքում տենալ: Էս իմ առաջնեկն էր, իմ տան ուրախությունն ու լույսն էր», - ասում է Լևոն Գևորգյանը։
«Շենգավիթ» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Դավիթ Մխիթարյանն «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել էր․ - «Բժշկուհին ժամանակավորապես ազատվել է հերթապահություններից և տեղափոխվել այլ աշխատանքի մինչ բոլոր հանգամանքների վերջնական պարզումը։ Ծննդկանի նկատմամբ հնչած կոպիտ արտահայտությունների վերաբերյալ իրականացվում են ներքին ուսումնասիրություններ: Կնոջ և նրա հարազատների նկատմամբ անհարգի վերաբերմունք, կոպիտ պահվածք դրսևորած անձիք խստորեն կպատժվեն»: