Մատչելիության հղումներ

Եթե վարչապետի այլ թեկնածու չլինի, մենք էլ չենք առաջադրի. Ալեն Սիմոնյան


Եթե վարչապետի այլ թեկնածու չլինի, Փաշինյանի թեկնածությունը չեն առաջադրի։ «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կգործեն ըստ իրավիճակի։

Որպեսզի գործող Ազգային ժողովը արձակվի, խորհրդարանը երկու անգամ պետք է չընտրի վարչապետ:

Ըստ Սահմանադրության, վարչապետ չընտրվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է քվեարկությունից յոթ օր հետո: Երեկ Փաշինյանը չէր բացառել թե՛ առաջադրվելու, թե՛ չառաջադրվելու տարբերակը:

«Ասեմ, որ առաջին անգամ նշված էր քվեարկություն բառը, և որպեսզի տեղիք չտանք տարբեր խոսակցություններին և տարակարծիք մեկնաբանություններին, որոշում կայացվեց առաջադրվելու, և այդ ճանապարհը ընտրվեց, որին մենք ականատես եղանք։ Երկրորդի պարագայում նման նշում չկա և կգործենք ըստ իրավիճակի, որովհետև եթե ունենանք մի իրավիճակ, որ առաջադրվելու կարիք լինի, կարծում եմ, դա շատ արագ կկազմակերպվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հարցին, թե խոսքը հնարավոր այլ թեկնածուի մասին է, պատգամավորը պատասխանեց, որ շատ քիչ հավանական է համարում և գրեթե բացառում է այլ թեկնածուի լինելը՝ հավելելով, որ եթե այլ թեկնածու չլինի, Փաշինյանի թեկնածությունը ևս չեն առաջադրի։

Եթե առաջին ընտրության դեպքում վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը խորհրդարանական բոլոր խմբակցություններն ունեն, ապա երկրորդ անգամ թեկնածուին կարող են առաջադրել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ այսինքն 35-ը:

Եթե Փաշինյանին առաջադրելու հարց առաջանա, 31 հոգանոց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց՝ իրենք կաջակցեն «Ելք»-ին։

«Եթե «Ելք»-ի մեր գործընկերները, խոսելով, քննարկելով իրավաբանների, սահմանադրագետների հետ, կայացնեն որոշում, այդուհանդերձ, 1/3-ով առաջադրել և կրկին չընտրել Նիկոլ Փաշինյանին, բնականաբար, մենք, անպայմանորեն, կաջակցենք ստորագրությամբ, որ 1/3-ը ֆորմալ առումով ապահովվի և նորից, բնականաբար, մենք չենք մասնակցի քվեարկությանը ինչպես և կա մեր քաղաքական պայմանավորվածությունը», - նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Նիկոլ Փաշինյանի հետ ստորագրած հուշագրով Գագիկ Ծառուկյանի ղեկավարած խմբակցությունը պարտավորվել է վարչապետի թեկնածու չառաջադրել, նաև չաջակցել որևէ թեկնածուի։ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց՝ իրենք ևս չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Հանրապետականի տեսակետն այսօր հնարավոր չեղավ պարզել, վարչապետի առաջին ընտրությունից առաջ հայտարարեցին, թե թեկնածու չեն առաջադրի և այդպես էլ արեցին: Երեկ էլ չխոչընդոտեցին Փաշինյանի չընտրվելու ծրագրերին:

Վարչապետի նոր ընտրությունն, Ալեն Սիմոնյանի հաշվարկներով, տեղի կունենա հոկտեմբերի 31-ին: Ակնկալում են, որ խորհրդարանը այդ օրը ևս վարչապետ չի ընտրի, ինչից հետո կարձակվի: Արտահերթ ընտրությունները, պատգամավորի խոսքով, դեկտեմբերի սկզբին կանցկացվեն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը:

«8, 9, 10 դեկտեմբերի, մոտավորապես եմ ասում՝ հաշվարկով», - ասաց Ալեն Սիմոնյանը։

Երեկ Փաշինյանն ասել էր, որ այլ կուսակցությունների հետ դաշինք չեն կազմի, կպահպանեն «Իմ քայլի» ֆորմատը, իսկ ցուցակը կգլխավորի հենց ինքը։ Չէր բացառել, որ ցուցակում կարող են լինել նաև նախկին իշխանության ներկայացուցիչների անուններ:

«Իմ քայլը» դաշինքով «Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին:

Ալեն Սիմոնյանի խոսքով նախընտրական ցուցակի շուրջ քննարկումներ ընթանում են, բայց հերթականությանը չեն հասել։

«Ցավոք չեմ կարող հրապարակել ցուցակում ներգրավված անունները, բայց այս պահին չի քննարկվում հերթականությունը», - նշեց «Ելք» խմբակցության պատգամավորը։

ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի քննարկումներից Նաիրա Զոհրաբյանը տեղեկություններ չուներ:

Շաբաթվա սկզբին Դաշնակցությունը հայտարարեց՝ չնայած անընդունելի է համարում արտահերթի շտապողական անցկացումը, բայց կմասնակցի դեկտեմբերյան ընտրություններին։

Խորհրդարանական ուժերից միայն ՀՀԿ-ն չի հստակեցրել արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG