Մատչելիության հղումներ

«Մադամ Բատերֆլայ»-ով կփակվի 12֊րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը


Այս երեկո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերային թատրոնում հնչում է համաշխարհային լավագույն օպերաներից մեկը՝ Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ»-ը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հովեր» երգչախմբի և անվանի մենակատարների մասնակցությամբ՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Օպերայի բեմադրիչն է Սուքիաս Թորոսյանը:

Ուշագրավ է, որ Հայֆիլհարմոնիկ նվագախումբ արդեն բազմիցս է համերգային կատարումներով մի շարք օպերաներ մատուցել մեր երաժշտասերներին, մեկ-երկու անգամ էլ օպերային բեմադրություններ է իրականացրել:

Էդվարդ Թոփչյանի նախաձեռնությամբ դեռ 10 տարի առաջ «Մադամ Բատերֆլայը» ներկայացվեց համերգային կատարմամբ:

«Այսօր կատարելու ենք Պուչինիի անևերակայելի նուրբ և գեղեցիկ օպերան: Կարողացել ենք նույնիսկ բեմադրել օպերային թատրոնում: Հրաշալի կազմ ունենք: Աշխարհի լավագույն Բատերֆլայներից մեկը՝ Լիաննա Ալեքսանյանն է մեզ հետ երգելու, չտեսնված երգչուհի Օլեսյա Պետրովան, որը անցյալ տարի Վերդիի «Ռեքվիեմը» մեզ հետ երգեց շատ բարձր մակարդակի, շատ տաղանդավոր երիտասարդ տենոր Հովհաննես Անդրեասյանը և նույնպես նշանավոր բարիտոն Գերմանիայից՝ Մկրտիչ Բաբաջանյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդվարդ Թոփչյանը:

Հարցին, թե ինչը ստիպեց տասը տարի հետո կրկին անդրադառնալ «Մադամ Բատերֆլային», Թոփչյանը պատասխանեց․ - «Երգիչները ուզեցին, որ փառատոնի փակումը պետք է օպերային ներկայացում անենք: Իրենք որոշեցին «Մադամ Բատերֆյալ», և ես սիրով համաձայնեցի: Հաստատ նոր կատարում է սա, նման չի նրան, ինչը որ մենք առաջ արել ենք»:

Դիտարկմանը, որ գլխավոր դերերգի համար շրջանառվում էր Լիաննա Հարությունյանի անունը, և հարցին, թե ինչու փոխվեց գլխավոր դերերգչուհին, Թոփչյանն արձագանքեց․ - «Մենք հասկացանք, որ չի ստացվում էս ծրագրում մեր համագործակցությունը: Ես համոզված եմ, որ դրա մեղավորը ես չեմ: Ընդհանրապես խնդիրը, կարծես թե, երաժշտական չէր: Ավելի բեմադրության հետ կապված էր: Իմ տեսակետից մենք որևէ սխալ բան չենք արել: Պարզ է, երևի Լիաննայի տեսակետից ինքն էլ չի արել․․․»

Հակադարձելով Լիաննա Հարությունյանի տարածած հայտարարության մեջ պնդմանը, թե ներկայացումը «տնայնագործական մակարդակի», Էդվարդ Թոփչյանն ասաց․ - «Իհարկե, դա վերաբերում էր ներկայացմանը, բայց էդ ներկայացման մեջ ես էլ կամ, օրկեստրն էլ կա, որոնք չտեսնված նվագում են: Ինքը չի էլ իմանում ինչ ներկայացում ա, որովհետև ինքը նույնիսկ պատրաստ չեղավ մանրամասն լսել ամեն ինչ․․․ Լիաննա Հարությունյանը երգել ա մեծ բեմերում Բատերֆլայ, որտեղ երևի հսկայական ծախսերով ներկայացում են արել: Մենք բոլորովին ամբիցիա չունենք մեր ներկայացումը համեմատելու․․․ պարզ է, որ մենք չենք կարող ոտք մեկնել»:

Թոփչյանը նաև ներկայացրեց Լիաննա Ալեքսանյանին․ - «Լիաննա Ալեքսանյանը էստեղ չի ապրում, Վիեննայում է ապրում: Տասներկու տարի Հայաստանում չի եղել, երիտասարդ երգչուհի է, հսկայական հաջողությունների հասած, շատ ավելի հանրահայտ որպես Բատերֆլայ: Իրեն տարիներ ի վեր ճանաչում եմ, շատ սիրում եմ իր երգեցողությունը: Ինքն էլ միշտ հակված է եղել, որ մենք համագործակցենք: Մենք նույնիսկ համագործակցել ենք ոչ Հայաստանում»:

Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայի բեմադրությամբ այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ամփոփում է սեպտեմբերի սկզբներից սկսած Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում 12 համերգ է տեղի ունեցել աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի մենակատարների մասնակցությամբ՝ իսկական երաժշտական տոն պարգևելով մեր երաժշտասերներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG