Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ):
Նախարարությունը նշում է, որ վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ:
«Այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակներն, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1.8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում», - ասված է հաղորդագրությունում:
Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա նախարարությունը նշում է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում:
«Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ», - ասված է հաղորդագրությունում:
Առողջապահության նախարարությունը նշում է, որ համաճարակային իրավիճակը երկու փուլով է ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդփուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ: