Սանասարյանը Մայր բուհում հայտնաբերված չարաշահումները բնութագրեց «լուրջ խախտումներ» և «քրեական հանցագործության տարրեր պարունակող»․ - «Մենք վերջացրել ենք Ագրարային համալսարանը, նախկին ռեկտորը համաձայնվել է 350 միլիոն դրամի պետությանը հասցրած վնասի հետբերումն անի պետբյուջե, և հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Հիմա չեմ ասելու ինչ խախտումների մասին է խոսքը: Գումարն էլ վերջնական չի, դրա համար ոչ մի բան չեմ կարող ասել: Բայց կարող եմ ասել, որ, նախնական տվյալներով, երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին»:
ԵՊՀ պաշտոնական կայքէջի համաձայն, բուհի հոգաբարձուների խորհդի նախագահն է Հայաստանի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Հոգաբարձուների խորհրդի կազմում են ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ՝ կուսակցության փոխնախագահ, Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորած Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը և այլ հանրապետականներ:
Ավելի քան 12 տարի՝ 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր հանդիսացող Արամ Սիմոնյանը ևս ՀՀԿ անդամ է (կուսակցության պաշտոնական կայքէջի համաձայն) մոտ 20 տարի՝ 1998 թվականից:
«Ազատության» հարցին, թե ինչ կարգի խախտումների մասին է խոսքը, Սանասարյանն արձագանքեց․ - «Ընդհանուր բան եմ ասելու, չեմ մանրամասնելու: Էս պահին կարող եմ ասել, որ մենք նայում ենք ծախսերը, ու ծախսերը ուսումնասիրելով, կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան»:
Սանասարյանը խուսափեց պատասխանել «Ազատության» հարցին, թե արդյոք ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը որևէ կերպ կապված է նշված չարաշահումների հետ՝ ասելով․ - «Էդ բոլոր հարցերի պատասխանները իրավապահները կտան»:
Սանասարյանի խոսքով՝ ԵՊՀ պարագայում չարաշահումներ են գրանցվել պետբյուջեից հատկացված գումարի մասով:
«Ազատության» հարցին, թե բացառում է արդյոք, որ չարաշահումներին առնչություն ունենա բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետն արձագանքեց․ - «Չեմ բացառում: Բայց ուսումնասիրեք խորհրդի լիազորություններն ու խորհրդի նախագահի լիազորությունները, և հաջորդ անգամ երբ որ զրուցնեք, կտեսնեք, որ էդքան էլ առնչություն չունի էն գործունեությանը, ինչով որ մենք զբաղվում ենք: Եթե ուղղակի ինչ-որ ցուցումներ են եղել, դա արդեն իրավապահ մարմինները պետք է զբաղվեն: Էս պահին մենք նման բան չենք տեսնում»:
Օրվա ավարտին հայտարարությամբ հանդես եկավ Երևանի պետական համալսարանը: Ըստ այդմ՝ Պետական վերահսկողության ծառայության պետի այս հուլիսի 30-ի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը ԵՊՀ-ում իրականացնում է ստուգումներ, և հանձնաժողովի կողմից «մինչ օրս որևէ խախտում չի բացահայտվել, դրա ենթադրյալ առկայության մասին տեղեկատվություն չի ներկայացվել ԵՊՀ ղեկավարությանը, առավել ևս չի կազմվել որևէ վարչական արձանագրություն»:
Այնուհետև անդրադառնալով Դավիթ Սանասարյանի այսօրվա հայտարարությանը՝ նշված է․ - «Չսպասելով ստուգումն ավարտելուն, սահմանված ընթացակարգով դրա արդյունքներն ամփոփելուն և համապատասխան վարչական արձանագրություն կազմելուն՝ Վերահսկողական ծառայության պետն արել է հայտարարություն, որը, մեր գնահատմամբ, միտված է հասարակությանը մոլորեցնելուն և պարունակում է Մայր բուհի գործունեության մեջ ամեն գնով «լուրջ խախտումներ» գտնելու մասին հանձնաժողովին տրված հրապարակային հանձնարարություն: Չի բացառվում նաև, որ նման արձագանքը պետական բարձրաստիճան պաշտոնյայի քաղաքական անփորձության և անթույլատրելի շտապողականության հետևանք է: Այդ պատճառով դատապարտում ենք ՀՀ վերահսկողական ծառայության պետի նմանօրինակ գործելաոճը, հորդորում ենք դրսևորել պետական բարձրաստիճան պաշտոնյային վայել վարքագիծ և ապահովել իրականացվող ստուգումների անաչառությունը: Դիմում ենք Դ. Սանասարյանին՝ պահանջելով հրապարակել իր հայտարարության համար հիմք հանդիսացած փաստարկները, հակառակ դեպքում դիմելու ենք իրավունքի դատական պաշտպանության»: