Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ անպայման ներգրավված լինի իր երկրի գործերում, այսօր հայտարարել էաշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, կարևորելով համազգային ներուժի համախմբումը համահայկական օրակարգի շուրջ՝ Արմեն Սարգսյանն ասել է. - «Մենք մի կարևոր առավելություն ունենք՝ մեր փոքր պետությունն իրականում իրենից ներկայացնում է մի հսկա ժողովրդի երազանքները, նպատակներն ու շահերը։ Ձեր երեխաները, թոռները հպարտ պետք է լինեն, որ իրենք հայ են, և պատկանում են փայլուն ժողովրդի, որն այս կյանքում ունի շատ մեծ առաքելություն ու նպատակ»։
«Մեր իրական ուժն ու հարստությունը մեր ժողովուրդն է», - ասել է նախագահը և հավելել. - «Այսօրվա Հայաստանը, որ նոր ու երիտասարդ Հայաստան է, շարժվում է, և հույս ունեմ, կշարունակի շարժվել ճիշտ ուղղությամբ՝ ազատության, մարդկային արժանապատվության ճանապարհով: Եկել է ժամանակը, որ յուրաքանչյուր հայ անպայման ներգրավված լինի իր երկրի գործերում՝ յուրաքանչուրն իր տեղում, իր ուժերի ներածին չափով իր նպաստը բերելով հայրենանվեր ծրագրերի իրագործմանն ու հայրենիքի զարգացմանը»։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը ու դրանք նորովի զարգացնելուն, հայապահպանության խնդիրներին և Հայաստանի կյանքում արտերկրի մեր հայրենակիցների՝ ավելի ակտիվ ներգրավման հնարավորություններին: