Մատչելիության հղումներ

Երևանյան այս աշունը հագեցած է մշակութային իրադարձություններով


Մեր օրերի քաղաքական թոհուբոհի մեջ արվեստի ու մշակույթի հավատարիմ երկրպագուները աշնանային այս օրերին մի շարք հրաշալի հնարավորություններ ունեն վայելելու բարձրաճաշակ երաժշտություն, մասնակիցը դառնալու ամենատարբեր մշակութային իրադարձությունների, որոնցով հագեցած է մեր մայրաքաղաքը:

Աշնանային առաջին օրերին մեկնարկած Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը արդեն 12-րդ անգամ անց է կացնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս տարի փառատոնի ամփոփմանը մեծ անակնկալ է նախապատրաստվել մեր երաժշտասերների համար՝ վաղը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրում ներկայացնելով Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Մադամ Բատերֆլայ» օպերան՝ համաշխարհային ճանաչում վայելող օպերային երգիչների մասնակցությամբ: Վերջին անգամ այս օպերան Հայաստանում հնչել է 10 տարի առաջ՝ համերգային կատարմամբ, կրկին ֆիլհարմոնիկի կողմից Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Օրերս մեկնարկեց մեկ այլ երաժշտական փառատոն՝ Արամ Խաչատրյանի անվան 6-րդ միջազգային փառատոնը, որը կազմակերպում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Փառատոնի ընթացքում տեղի կունենա 9 համերգ՝ համաշխարհային համբավ ունեցող երաժիշտների մասնակցությամբ:

Հոկտեմբերի 31-ին այս փառատոնի շրջանակներում կայանալիք համերգին հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին, որի կատարմամբ կհնչի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը:

Նոյեմբերի 7-ից մեր մայրաքաղաքում ջազի երկրպագուները հնարավորություն կունենան ունկնդրել անվանի ջազմենների: Մեկնարկում է «Երևան Ջազ Ֆեստ » փառատոնը, որով այս տարի կնշվի Հայաստանում ջազի հիմնադրման 80-ամյա հոբելյանը: Փառատոնը նվիրվում է 1938 թվականին Հայաստանի պետական ջազ նվագախումբը հիմնադրած Արտեմի Այվազյանի հիշատակին:

Այս տարի ևս «Երևան Ջազ Ֆեստի» շրջանակներում ջազի երկրպագուները կունկնդրեն տարբեր երկրներից ժամանած անվանի ջազմենների:

Հայ պոեզիայի, հատկապես արևմտահայ պոեզիայի երկրպագուները այս օրերին Թեքեյան մշակութային կենտրոնում «Պոեզիայի իշխանը» խորագրով երեկոյի ընթացքում հանդիսությամբ նշեցին Վահան Թեքեյանի ծննդյան 140-ամյա հոբելյանը:

Իսկ թատերասերները այս օրերին ոչ միայն մայրաքաղաքի բոլոր թատրոններում կարող են ներկա գտնվել այս կամ այն պրեմերային, այլ նաև մարզերում գործող թատրոններում կարող են նոր ներկայացումներ դիտել, ավելին՝ մայրաքաղաքային բեմադրությունններն էլ պարբերաբար ներկայացվում են մարզերում, ինչպես օրինակ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը Արմավիրի մարզում ներկայացրեց Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» բեմադրությունը:

Խնկո-Ապոր անվան գրադարանը մեծ հանդիսությամբ և տարբեր երկրներից ժամանած հյուրերի մասնակցությամբ նշեց հիմնադրման 85-ամյա հոբելյանը: Օտարազգի հյուրերի մասնակցությամբ մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ տեղի ունեցան մանկապատանեկան գրականության, մանկապատանեկան գրքերին, թարգմանություններին ու դրանց տարածմանն առնչվող խնդիրների շրջանակներում թե՛ Խնկո -Ապոր մանկակական գրադարանում, թե՛ Գրողների միությունում, թե՛ «Նոյյան տապան» գրատանը և այլուր:

«Մանկական գիրքը չպետք է էժան լինի, որովհետև էժանությունը իր հետ բերում է բազմաթիվ վտանգներ, և դա միայն բովանդակային չի: Շատ մեծ աշխատանք է տարվում վերջին տարիներին, որպեսզի երեխաների համար ստեղծվի գրականություն Հայաստանում», - ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Գրականագետը նշեց, որ մանկական գրականության բացը հրատարակիչները փորձում են լրացնել թարգմանություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG