Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ մեկ շաբաթ հետո նորից առաջադրվի վարչապետի թեկնածու։
«Ազատության». - Գործընթացն ամբողջական դարձնելու համար նորից առաջադրվելո՞ւ եք։
Փաշինյան. - Չեմ բացառում, որ կառաջադրվեմ, բայց չեմ էլ ասում հաստատ, որ կառաջադրվեմ։
«Ազատություն». - Եթե չառաջադրվեք, ինչպե՞ս է Սահմանադրության դրույթը պահպանվելու։
Փաշինյան. - Որովհետև այնտեղ ձևակերպումն այնպիսին է, որ առաջին ընտրության համար մի քիչ այլ բառապաշար է օգտագործված, երկրորդի համար՝ այլ։ Քվեարկությունը միայն առաջինի դեպքում է օգտագործված։
Այսօր Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։ Այս առաջադրումն, ինչպես Փաշինյանն էր ասում, ֆորմալ բնույթ էր կրում։
«Ես առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ չընտրվելու համար, հետևաբար՝ Ազգային ժողովը չպետք է քվեարկի իմ օգտին», - քվեարկությունից առաջ իր ելույթում ասել էր Փաշինյանը՝ շարունակելով. - «Ասում էին, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող հիմք դառնալ Ազգային ժողովը լուծարելուն։ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է՝ «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում են վարչապետի նոր ընտրություններ...», էս «քվեարկություն» բառի համար է... իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր ի վերջո տեղի ունենա քվեարկություն, որին դուք չմասնակցեք, կամ մասնակցեք, բայց կողմ չքվեարկեք, որ այս հարցը փակվի»։
Քվեարկությունից առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ հայտարարեց. - «Այս ամենն արվում է, որպեսզի ապահովենք Հայաստանի Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումը՝ հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներից և իրավական անիմաստ բանավեճերից խուսափելու համար»։
Յոթ օր հետո կանցկացվի նոր ընտրություն, եթե տապալվի նաև երկրորդ ընտրությունը և վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով կարձակվի:
Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է: