Մատչելիության հղումներ

«Երևան-2800» գիտաժողովը «հզոր ապտակ է ադրբեջանական կեղծարարությանը»


ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան

Երևանը որպես բնակատեղի հազարմայակների պատմություն ունի, և այս մասին փաստեր հատկապես անկախության տարիներին՝ վերջին երեք տասնամյակներում հայ և օտարազգի գիտնականները բազմիցս են ներկայացրել իրենց պատմահնագիտական ուսումնասիրություններում, հոդվածներում, ժողովածուներում, նաև, իհարկե, Երևանի պատմությանը նվիրված գիտաժողովներում:

Բացառություն չէ նաև այսօր Երևանի պատմության թանգարանում մեկնարկած եռօրյա «Երևան 2800» խորագրով գիտաժողովը, որի ընթացքում հնչելու են երեսունից ավելի զեկույցներ՝ ամենատարբեր ժամանակաշրջանների թեմատիկ ընդգրկմամբ․ «Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղին», «Երևանի բնակչության թվաքանակն ու կազմը 16-18-րդ դարերում», «Ժողովրդագրական իրավիճակը Երևանում 19-րդ դարի առաջին կեսին», «Արխիվային նոր փաստաթղթեր Պողոս-Պետրոս եկեղեցու պատմության մասին», «Երևանի ջրաղացները», «Թումանյանը Երևանում», «Երևանը հայ երաժշտության կենտրոն», «Երևանը հայ ճարտարապետության մայրաքաղաք», «Երևանը աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք» և այլն, և այլն:

Գիտաժողովը նախաձեռնել է Երևանի պատմության թանգարանը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:

«Ազատության» հետ զրույցում Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նշեց․ - «Այս գիտաժողովի նպատակը ներկայացնելն է Երևանը որպես մի բնակավայր, մի տարածք, որը միշտ եղել է մարդկային քաղաքակրթության կենտրոններից մեկը: Նպատակը նաև նա է, որ այսօր ուսումնասիրելով անցյալի պատմության չբացահայտված էջերը, նոր բացահայտումներ են կատարվելու և կատարվում են, մեր մայրաքաղաքի պատմությունը նորովի է վերագրվելու»:

«Ամենավաղ հիշատակությունը, որ Երևանը եղել է մարդկության բնօրրաններից մեկը, վկայում են Երևանյան քարայրի նյութերը, որոնք ունեն 100-120 հազար տարվա պատմություն․․․ և առաջին քաղաքակիրթ բնակավայրը եղել է Շենգավիթ բնակավայրը, որը 6 հազար տարվա պատմությամբ է թվագրվում», - հավելեց Սարգսյանը:

Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը Երևանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին նվիրված այս գիտաժողովը շատ կարևոր է դիտարկում ոչ միայն պատմական, այլ նաև քաղաքական տեսանկյունից․ - «Գիտաքաղաքական առումով սա հզոր ապտակ է ադրբեջանական կեղծարարությանը այն մասին, որ իբր թե 500 տարի առաջ՝ 1511 թվականին ոմն Ռևան խան, որը եղել է Շահ Իսմայիլի դրածոներից մեկը, ուղարկվել է այստեղ, կառուցել է այս քաղաքը, իրականության հետ որևէ ընդհանուր եզր չունի․․․ Այս հեքիաթը, որ հորինել են և շրջանառում են պետական մակարդակով․․․ նկատի ունեմ, որ Իլհամ Ալիևը բազմիցս նշել է այդ մասին, և նույնիսկ պետական մակարդակով 2011 թվականին պետական մակարդակով նշեցին Երևանի բերդի հիմնադրման 500-ամյակը: Այնպես որ, այս տեսակ միջոցառումները գիտական բնույթի, և հրապարակումները, որ առաջիկայում սպասվում են, շատ կարևոր են գիտաքաղաքական առումով»:

Առաջիկայում նաև մի շատ ուշագրավ գիտական աշխատություն լույս կտեսնի Պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ․ - «Երևանի 2800-ամյակի կապակցությամբ յուրաքանչյուր հայ մարդ ցանկանում է իր նվերը բերել: Մենք գիտնականներով որոշեցինք մի կապիտալ մենագրություն գրել, կոլեկտիվ մենագրություն, որը արդեն պատրաստ է, շուտով լույս կտեսնի, «Երևան-2088» է կոչվում: Թաթիկ Հակոբյանի Երևանի պատմության վերաբերյալ հայտնի բազմահատորյակից հետո սա նոր խոսք է հետխորհրդային շրջանում»:

«Երևան-2800» պատմագիտական ծավալուն ժողովածուն լույս կտեսնի ոչ միայն հայերեն, այլև կներկայացվի նաև օտար ընթերցողին տարբեր լեզուներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG