Ըստ վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննեսյանի, կառավարությունը պարտավոր է նախքան արտահերթ ընտրությունները կյանքի կոչել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
«Հեղափոխության քայլերը հետևյալն էին՝ ընտրվում է ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, բարեփոխվում է Ընտրական օրենսգիրքն ու «Կուսակցությունների մասին» օրենքը, այնուհետև լինում են արտահերթ ընտրություններ: Եվ այս մասով կառավարությունը պարտավոր է հեղափոխության քայլերի հերթականությունը չփոխել: Եվ պարտավոր է հնարավորությունների սահմանում անել ամենը, որպեսզի դա արվի», - նշեց Իոաննիսյանը:
Կառավարությունը երեկ փորձեց փոփոխել ընտրական օրենսդրությունը, Խորհրդարանում ամենամեծ՝ Հանրապետական խմբակցությունը հայտարարեց, որ դեմ են նախաձեռնությանը, ու այն տապալվեց։ Անհրաժեշտ 63 քվեի փոխարեն նախագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է իր հրաժարականը, և ըստ էության դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են։ Խորհրդարանը դեռ ժամանակ ունի փոփոխելու ընտրական օրենսգիրքը, պատգամավորներն արդեն նախաձեռնել են գալիք երկուշաբթի անցկացնել արտահերթ նիստ։
Դանիել Իոաննեսյանի խոսքով, իշխանությունները օրենքը բարեփոխելու համար պետք է օգտվեն օրենքով չարգելված բոլոր միջոցներից․ - «Եթե կարիքը կա դրա համար ցույցեր կազմակերպելու, ապա պետք է դրա համար ցույցեր կազմակերպել: Բայց հեղափոխության հերթականության փոփոխումը և այդ խոստումից հետ կանգնումը անընդունելի է: Եվ ես հուսով եմ, որ կառավարությունը այդպես էլ կվարվի»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով, Հանրապետական կուսակցությունը երեկ իր հերթական սաբոտաժով ցույց տվեց, որ անտեսում է ժողովրդի կամքը։ Ընտրական օրենսդրությունը, ըստ Սաքունցի, պետք է փոխվի հենց ժողովրդի ճնշմամբ․ - «Հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը ինքը պետք է պատրաստ լինի դիմադրի և պահանջի, որպեսզի իրապես այդ փոփոխությունները կատարվեն: Մենք չպետք է թույլ տան մի այնպիսի մեխանիզմի առկայություն Ընտրական օրենսգրքում, որը կարող է խաթարել ազատ և արդան ընտրությունների կայացումը․․․ Ես գտնում եմ, որ ավելի լավ ա հիմա փողոց դուրս գանք, քան հետո դուրս գանք փողոց»:
Կառավարության նախագծով շուրջ երեք տասնյակ փոփոխություններ են նախատեսվում: Առանցքայինը թերևս տարածքային ցուցակների կամ այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգի վերացումն է։ Կառավարությունն ու խորհրդարանի երեք ուժերը՝ «Ելք»-ը, «Ծառուկյան» խմբակցությունն ու Դաշնակցությունը համակարծիք են, որ ընտրություններին պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ ցուցակ։
Գործող ռեյտինգային ընտրակարգը, ըստ Սաքունցի, վտանգում է ազատ ու արդար ընտրությունների անցկացումը․ - «Այս տարածքային, ռեյտինգային մեխանիզմով ընտրությունների պահպանման դեպքում տեղական նշանակության գործոնները․․․ շարունակում են նշանակություն ունենալ և ազդեցություն ունենալ: Իսկ դա հղի է բավական լուրջ ցնցումներով: Ինքին ընտրական պրոցեսը խաթարվում է տարածքային ռեյտինգային ցուցակներով մեխանիզմի առկայության դեպքում»:
Դանիել Իոաննիսյան․ - «Ընտրական օրենսգրքի փոփոխություններով Հայաստանում պետք է էապես խթանվել քաղաքական մշակույթի զարգացումը, ընտրվելիք խորհրդարանը պետք է լիներ ավելի քաղաքական, և նվազ ազդեցություն քաղաքական որոշումների վրա պետք է ունենային տարբեր թաղային հեղինակությունները, տարբեր տեղական օլիգարխները և այլն: Դա շատ ուժեղ ձեռ չէր տալիս տարբեր կոռուպցիոներներին և այն խմբերին, ովքեր որ քաղաքականությունը ցանկանում են ավելի շատ առևտրի տեսքով տեսնել: Եվ երեկվա խորհրդարանում քվեարկությունը, Հանրապետական կուսակցության դրա դեմ գնալը հենց այդ մոտիվացիան ուներ՝ առնվազն հինգ տարով հետ գցել քաղաքական մշակույթի զարգացումը Հայաստանում»: