Մատչելիության հղումներ

ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ քննարկելու Ընտրական օրենսգրքում փոփոխությունները


Ազգային ժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2018թ․
Ազգային ժողովը քննարկում է Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, Երևան, 22-ը հոկտեմբերի, 2018թ․

Ընտրական օրենսգիրքը ևս մեկ անգամ քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքված են, հայտնեց ստորագրահավաքը նախաձեռնողներից «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Անհրաժեշտ առնվազն 27-ի փոխարեն հավաքվել է 35 ստորագրություն, համապատասխան ձևաթուղթը հանձնվել է Ազգային ժողովի քարտուղարություն: «Նշյալ ժամին երկուշաբթի օրը կհրավիրվի արտահերթ նիստ նույն օրակարգով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների», - հավելեց պատգամավորը:

Երեկ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չընդունվեցին, անհրաժեշտ 63 պատգամավորի փոխարեն 56 պատգամավոր միայն կողմ քվեարկեց, բացակայում էին կամ չքվեարկեցին հանրապետական և նախկին հանրապետական պատգամավորներ, Դաշնակցության երկու պատգամավոր, ինչպես նաև 4 պատգամավոր «Ծառուկյան» դաշինքից՝ Նապոլեոն Ազիզյանը, Վարդան Ղուկասյանը, Հրանտ Մադաթյանն ու Գագիկ Ծառուկյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ օբյեկտիվ պատճառներով իրենց պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը, իսկ երկուշաբթի օրը միայն մեկ բացակա կունենան՝ Հրանտ Մադաթյանը, ով դեռ չի վերադարձել արտերկրից։

«Բացարձակ անհամաձայնության խնդիր չի եղել: Նապոլեոն Ազիզյանը խիստ վատառողջ էր, ուղղակի նա շատ վատ վիճակում գնացել է տուն, Վարդան Ղուկասյանը, ենթադրելով, որ 5:30 քվեարկություն չի լինելու, արդեն Գյումրիում էր, և տեխնիկապես հնարավոր չէր, որ նա հասներ քվեարկության, պարոն Ծառուկյանը, ես ձեզ արդեն ասացի՝ Ազգային ժողովի դահլիճում էր և պիտի մտներ քվեարկության, իհարկե, մի քիչ ոչ հարմար արտահագուստով, ես եմ հորդորել, որ չմտնի՝ նշելով, որ միևնույն է ձայները բավարար չեն: Վստահեցնում եմ ձեզ, որ երկուշաբթի օրը մենք կունենանք ընդամենը մեկ բացակա՝ դա Հրանտ Մադաթյանն է, որը այս օրերին գտնվում է Ղրիմում», - ընդգծեց պատգամավորը:

Այսօրվա ստորագրահավաքին հրաժարվել է մասնակցել Դաշնակցությունը` պատճառաբանելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց երեք առաջարկությունները չեն ընդունվել: Առաջարկությունները վերաբերում էին բաց ցուցակներով համամասնական ընտրակարգին անցնելուն, մեկ քաղաքական ուժին սահմանադրական մեծամասնություն չտալուն և ընտրակեղծարարության ծավալները որոշելու մեխանիզմներ ընդգրկելուն:

Այդուհանդերձ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց՝ երբ նախագիծը կրկին մտնի ԱԺ օրակարգ, իրենց խմբակցությունը կողմ կքվեարկի, ինչպես երեկ է կողմ արտահայտվել:

«Մենք չպետք է համահեղինակ լինենք, մենք ասել ենք մեր տեսակետը շատ հստակ: Այն, ինչը որ առաջընթաց է, մենք դրան դեմ չենք և կողմ ենք քվեարկել և կողմ ենք քվեարկելու, բայց եթե ուզում են, որ մենք համահեղինակ հանդես գանք, ուրեմն պետք է բարի լինեն նաև ընդունել մեր մոտեցումները», - հավելեց ՀՅԴ խմբակցության ղեկավարը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց՝ իրենք ամեն ինչ անում են, որ դեկտեմբերին արտահերթ ընտրությունները տեղի ունենան բարեփոխված օրենսգրքով, սակայն եթե անգամ ընտրություններն անցնեն գործող օրենսգրքով, մեծ խնդիր չէ: Սիմոնյանը երեկ չքվեարկողների վարքը բնորոշեց իբրև սաբոտաժ:

«Դա սաբոտաժ է բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր որ երեկ տապալեցին այդ քվեարկությունը: Եվ ոչ միայն Հանրապետական կուսակցությունից, այն բոլոր մարդիկ, ովքեր որ անհատ են և կուսակցական չեն, խմբակցության անդամ են եղել, բայց դուրս են եկել Հանրապետականից, բոլորը, որոնք որ հատուկ չեն եկել, նրանք բոլորը սաբոտաժի են ենթարկել», - նշեց «Ելք» խմբակցության պատգամավորը։

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ասում է՝ որակմանը համաձայն չէ, Հանրապետականն իր դիրքորոշումը ի սկզբանե հայտնել էր և անկեղծորեն հետևել է դրան։

«Այս պահին արդեն Հանրապետականը փոքրամասնություն է, և շատ լավ գիտեք, որ նույնիսկ գուցե 40 մարդ չկա խմբակցությունում, և դնել պատասխանատվությունը ընդդիմության վրա, որը համաձայն չի այդ մոտեցմանը, իսկ դա Հանրապետական խմբակցությունը հայտարարեց, որ ինքը համաձայն չի կարճ ժամկետում կատարել լուրջ փոփոխություններ... Ես ասացի՝ կա առնվազն 67-69 անձնավորություն, որոնք տվել են իրենց համաձայնությունները, մի մասը` բանավոր, մյուս մասը `գրավոր, որ իրենք կաջակցեն և կանցնի», - ասաց Ազգային ժողովի նախագահը:

Այսօր ավելի ուշ հաղորդվեց, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ, որի ընթացքում նորից կքննարկվեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG