Կառավարության և Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատիրոջ՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի միջև բանակցությունները դեռ ավարտված չեն։ Կողմերը փորձում են միջանկյալ լուծումներ գտնել, որպեսզի գործարանն աշխատի, ավելի քան 500 աշխատակիցները գործազուրկ չդառնան մինչև նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով գործարանի կառուցումը։ Այս մասին «Ազատությանն» ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
Պղնձաձուլարանը, որ անցած շաբաթվա վերջում դադարեցրել է գործունեությունը, գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում, և ի սկզբանե ընկերությունը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Ալավերդու գործարանն անցնի ՎՏԲ-ին։ Այսօր էլ գործարանի տնօրենը հայտարարում է, որ այդ վտանգը դեռևս կա։
Այժմ բանակցություններ են ընթանում «Վալլեքս»-ի և ՎՏԲ բանկի միջև, և փոխվարչապետի մամուլի խոսնակի հավաստմամբ՝ կառավարությունը միջնորդի դեր է ստանձնել այդ բանակցություններում։ «Փորձում ենք այնպես անել, որպեսզի կողմերի տեսակետները հնարավորինս մոտենան», - «Ազատությանն» ասաց Վահան Հունանյանը։
Դեռ ամսվա սկզբում ընկերությունը պահանջներ էր ներկայացրել կառավարությանը՝ արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5,600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 հազար տոննա՝ թույլատրելի նորմը գերազանցելով յոթ անգամ։
«Մենք մտածում ենք ժամանակացույց կազմել, որի ընթացքում հնարավոր կլինի արտանետումները նվազագույնի հասցնել», - նշեց մամուլի խոսնակը։
Բնապահպանական տեսչական մարմնի կողմից մեկուկես ամիս առաջ 380 միլիոն դրամով տուգանվելուց հետո ընկերությանը ժամանակ էր տրվել մինչև դեկտեմբեր՝ նվազեցնելու արտանետումները։ Մինչդեռ պղնձաձուլարանի ղեկավարությունը հայտարարում է, որ տեխնիկապես արտանետումները նվազեցնելու հնարավորություն չունեն։
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշեց նաև, որ կառավարությունն աշխատում է նոր ներդրումներ, նոր ծրագրեր իրականացնել Ալավերդիում, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծվեն համայնքի համար։ «Նորմալ չէ, կայուն զարգացման նպատակին դեմ է, որ որևէ համայնք կախված լինի միայն մեկ գործարանի աշխատել-չաշխատելուց», - ասաց Վահան Հունանյանը։
Կառավարության ներկայացուցիչները հստակ ժամկետ չեն նշում՝ երբ կգտնվեն վերջնական լուծումները, բայց հավաստիացնում են, որ «մաքսիմալ ջանքեր են գործադրում հնարավորինս շուտ լուծումներ գտնելու ուղղությամբ»։