Այսօր երեկոյան լրանում է խորհրդարանական ուժերի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու ժամկետը։ Մինչ այս պահը դեռ որևէ թեկնածու չի առաջադրվել։
Նշենք, որ «Ելք»-ը չէր բացառել, որ կարող է թեկնածու առաջադրել։ Խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, որ այդ հարցը ունի մեկ պատասխան՝ «առանց մեկնաբանության»: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն էլ շեշտել էր՝ որոշում կայացնելու համար մինչև վաղը դեռ ժամանակ ունեն։
Լենա Նազարյանն այսօր «Ազատության»-ը փոխանցեց, որ դաշինքը քիչ անց հանդես է գալու հայտարարությամբ:
Նշենք, որ ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքերում յոթնօրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Առ այս պահը հստակ չէ, թե ինչպիսի տարբերակ կընտրվի՝ կառաջադրի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը իր թեկնածությունը, արդյոք անհրաժե՞շտ է քվեարկություն, իսկ դրա համար նաև՝ թեկնածուի առաջադրում, որպեսզի խորհրդարանի լուծարման գործընթացը տեղի ունենա: Իրավաբանների տեսակետներն այս հարցում տարբերվում են:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, գործող Սահմանադրության հեղինակներից Գևորգ Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ իր կարծիքով, թեկուզ եթե թեկնածու չառաջադրվի և անգամ եթե քվորում չապահովվի, երկշաբաթյա ժամկետից հետո խորհրդարանը պետք է լուծարվի: