Հոկտեմբերի 22-ը դպրոցական գրականության միջազգային օրն է: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ դասագրքերի հեղինակ, «Իններորոդ ալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, որ բողոքներն ու քննադատությունը՝ կապված 1-4-րդ դասարանների դասագրքերում տեղ գտած գրականության հետ, բացաձակապես անհիմն են:
«Ամենապատասխանու ձևով էսօր հայտարարում եմ, որ տարրական դպրոցի դասարանների՝ արդեն մոտ 15-20 տարի գործող դասագրքերը լավագույնն են եղել մեր պատմության մեջ իրենց բազմազանությամբ, իրենց պոլիգրաֆիական մակարդակով, հեղինակների ընդգրկմամբ․ գաղափարաբանությամբ, հետաքրքրաշարժությամբ, հայրենասիրական թևը պահելով, հումորը, ստեղծարար մտածողության զարգացում, տրամաբանական․․․ այդ բոլորը այսօր դասագրքերում կան: Եվ ցավոք սրտի, դասագրքերի մասին կարծիք են հայտնվում մարդիկ, որոնք բացարձակապես չեն պատկերացնում ինչ է դասագիրքը»:
Ուշագրավ է նաև, որ, ըստ Վաչագան Սարգսյանի, տարրական դասարանների դասագրքերի դեմ անգամ այնպիսի արտահատություններ են հնչում, որոնք երբեմն տարակուսանքի առիթ են տալիս:
Նա հնչեցրեց դրանցից մի քանիսը․ - «Մինչև չփոխվեն տարրական դասարանների դասագրքերը, Հայաստանը առաջ չի գնա․․․ Դասագիրք ստեղծողները նույն հայ մարդիկ են՝ նույն հայ գրողն է, նույն հայ մեթոդիստ է, հայ հոգեբանն է, ուսուցիչներն են»:
«Ազատության» հարցին, թե որն է այդ իր կարծիքով անհիմն քննադատության պատճառը, Սարգսյանն արձագանքեց․ - «Անհիմն քննադատության պատճառներից հիմնականը սա է, որ լինում են ուսուցիչներ, որոնք չեն պատկերացնում հարցը: Իրենք բավականաչափ կարծրացած մտածողություն ունեն, և դասագրքերում ներկայացված ազատ գաղափարները, ոչ ստանդարտ խնդիրները, դասերը․․․»
Ի տարբերություն Վաչագան Սարգսյանի, գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն համոզված է, որ դասագրքերից դժգոհելու առիթները հաճախ այնքան էլ անհիմն չեն:
Խոսելով ոչ միայն տարրական, այլև առհասարակ դպրոցական դասագրքերում տեղ գտած գրականության մասին՝ Նիկողոսյանը շեշտեց, որ թերացումներն ամենատարբեր բնույթի են․ - «Ես շատ լավատես չեմ էդ առումով․ այնուամենայնիվ կան խնդիրներ մեր դասագրքերում, այդ թվում նաև տարրական դասարանների համար նախատեսված դասագրքերում: Իհարկե, կան մեթոդական ճիշտ լուծումներ, բայց նորարարությունը, որը պետք է արտահայտվի նաև ամենատարբեր խաղերի, ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ․․․ բովանդակային փոփոխություններ անպայման անհրաժեշտ են: Խոսքս միայն չի վերաբերում ժամանակակից հայ հեղինակներին ներառելուն, այլ վերաբերում է նաև մեր դասականների տեքստերը վերանայելուն: Որովհետև էնպես է ստացվել, որ արդեն մի 15-20 սերունդ 40-50 թվականներից անընդհատ ունի նույն Վահան Տերյանի մասին կաղապարված պատկերացում, նույն Հովհաննես Թումանյանի մասին կաղապարված պատկերացում, Միսաք Մեծարենցի, Վարուժանի մասին: Գրականության մատուցման շատ մեծ խնդիրներ կան: Քիչ թե շատ հաջողված գլուխներով հանդերձ՝ մենք ունենք գրականության դասագրքեր 5-12-րդ դասարան, որոնք չասեմ վատ եմ, ուղղակի աղետ են․․․ Եվ եթե նախարարը գործ ունի անելու դասագրքերի ոլորտում, ես շատ եմ բախվել նրան, որ շատ լավ դասագրքեր այդպես էլ չեն մտել դպրոց: Եվ դա մենակ գրականությանը չի վերաբերում: Հանձնաժողովների էդ կոռուպցիոն կապերը ուղղակի պետք է արդեն բացառվեն»: