ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը բանակցություններ կսկսի Մոսկվայում` 1987 թվականին Մոսկվայի հետ կնքված պայմանագրից դուրս գալու մասին Թրամփի հայտարարությունից հետո առաջացած լարվածության ֆոնին։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Բոլթոնի հետ, թեև, ըստ նրա, «դա տեղի չի ունենալու» հոկտեմբերի 22-ին՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի երկօրյա այցի առաջին օրը:
ԱՄՆ նախագահի խորհրդականը այսօր կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը ասել է՝ ակնկալում է, որ Բոլթոնը «մասնագիտորեն կբացատրի Թրամփի դիրքորոշման հստակ պատճառը»:
Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից պայմանագրի միակողմանի խզումը «շատ վտանգավոր» է և կհանգեցնի «ռազմատեխնիկական» պատասխանի:
Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է Ռուսաստանի հետ միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը վերանայելու մտադրության մասին: Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանը խախտել է այդ պայմանագրի դրույթները:
Պայմանագիրը կոչված է նպաստելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանությանը Եվրոպայում և Հեռավոր Արևելքում: Փաստաթուղթը, որը ստորագրվել է 1987 թվականին, արգելում է կողմերին ունենալ ցամաքային տեղակայման բալիստիկ հրթիռներ և 500-5․5 հազար կիլոմետր գործողության շառավղով թևավոր հրթիռներ։