Մատչելիության հղումներ

Արդյոք հաջողվե՞լ է Էջմիածնից արմատախիլ անել կլանային համակարգը՝ կիմանանք, երբ ավարտվեն ընտրությունները․ Էջմիածնի քաղաքապետի թեկնածու


Էջմիածնում այսօր ընթացող ՏԻՄ ընտրություններում աննախադեպ է թեկնածուների բազմազանությունը․ քաղաքապետի պաշտոնի համար առաջին անգամ առաջադրվել է 12 թեկնածու: Ընդ որում, նրանցից երկուսը կին են՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը և Սուսաննա Մարգարյանը, որը Ազգային Ժողովի, Ֆինանսական վարչությունում է աշխատում:

Այն թեկնածուները, որոնց հետ մեզ հաջողվեց զրուցել, վստահեցնում էին, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի իշխանության անկումից հետո քաղաքում մթնոլորտը փոխվել է, մարդիկ ազատ են, անկաշկանդ, այդ պատճառով էլ ավելի քան մեկ տասնյակ թեկնածու որոշել է մասնակցել ընտրապայքարին:

Հաղթանակի գլխավոր հավակնորդն է համարվում իշխանության թեկնածուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

Քաղաքական կուսակցություններից թեկնածու է առաջադրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ քաղաքագետ Սերգեյ Սարգսյանին: Վերջինս «Ազատության» հետ զրույցում ևս հաստատեց, որ Էջմիածնում արդեն բոլորովին նոր բարքեր են, հեղափոխության շունչն է զգացվում և քաղաքացին կարող է ազատ արտահայտել իր կամքը:

«Քաղաքում կար վախի մթնոլորտ, կլանային համակարգ և դա բերեց նրան, որ անցած ընտրություններում կիրառվեցին թեկնածուի և նրա վստահված անձի նկատմամբ բռնություններ», - հիշեցնում է Սարգսյանը: - «Ես ինքս պայքարել եմ այսօրվա համար, որ կգա այս օրը և էջմիածնեցիները ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով կունենան հնարավորություն ընտրելու քաղաքապետ: Մեր քաղաքում կար մեկ կլան, այդ կլանը գլխատված է և անցյալ է»:

Քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հենց կին քաղաքապետը կարող է արմատախիլ անել կլանային համակարգը: - «Իրականում կանայք ուժեղ են և կարող են պայքարել հանցավորության դեմ, կլանի դեմ, ցանկացած արատավոր երևույթի դեմ, բայց արդյոք հաջողվե՞լ է Էջմիածնից այդ ամենը արմատախիլ անել, թե ոչ՝ մենք կիմանանք, երբ ավարտվեն ընտրությունները», - հավելեց նա:

Քարոզարշավն անցել է առանց աղմկահարույց միջադեպերի, խաղաղ մթնոլորտում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը դիտորդական առաքելություն էր իրականացնում, ևս ասաց, որ որևէ լուրջ ընտրախախտում չի արձանագրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG