Սուրբ Հողի երեք հարանվանությունների պատրիարքները նամակով դիմել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ պահանջելով չեղարկել Քնեսեթում քննարկվելիք օրինագիծը, որով հրեական պետությանը իրավունք է վերապահվում բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները:
Ըստ այդ օրինագծի, Քնեսեթում նաև նոր հանձնաժողով է ստեղծվելու, առանց որի թույլտվության քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել: Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, մասնավորաբար նշելով, որ «Հոգևոր Պետերը օրինագիծը անվանել են ամոթալի և նամակում հիշեցրել են տիար Նեթանյահուին, որ հուլիս ամսին Հոգևոր Պետերին ուղղուած իր նամակում նա վստահեցրել էր վերջիներիս, որ օրինագիծը պետք է հետ կանչվի»:
Քնեսեթում «Քուլանու» կուսակցության անդամ, պատգամավոր Ռախել Ազարիան է օրինագծի հեղինակն ու իր համոզմամբ եկեղեցական հողերի մասին օրենքը գալիս է պաշտպանելու Երուսաղեմի այն բնակիչներին, որոնք բնակվում են եկեղեցապատկան հողերի վրա ու հողերի վաճառքի պատճառով չեն մնա դրսում: Տիկին Ազարիան իր տեսակետը ներկայացրել էր դեռևս հունիս ամսին հրեական «Ջերուսալեմ Պոստ» հեղինակավոր հանդեսին տված հարցազրույցում: Մարտ ամսից մինչև օրս այս խնդիրը դեռ չի լուծվել ու թե՛ Նեթանյահուի, թե՛ տարածքային կառավարման նախարար Ցախի Հանեգբիի հայտարարություններին հակառակ տիկին Ազարիան շարունակում է որոշակի փոփոխություններով քրիստոնյաների հողերի բռնագրավման հետ կապված իր նախագիծը քննարկման բերել:
Պատրիարքները արդեն մեկ անգամ փակել էին Սուրբ Հարության տաճարի դռներն ու միջազգային հզոր ճնշման ներքո Իսրայելի կառավարությունը հայտարարեց Եկեղեցիների հարկման Երուսաղեմի քաղաքապետարանի որոշումն ու այս հակաքրիստոնեական օրենքի նախագիծը չեղարկելու մասին, բայց հունիսին կրկին նույն փորձերը կրկնվեցին:
«Ճիշտ է, անցյալ օրինագծի հետ համեմատած որոշ փոփոխությունների ենթարկվել է, բայց տակավին վտանգ սպառնում է վանքապատկան կալվածքներին», - «Ազատության» հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: - «Հոգևոր պետերը կոչ են անում պարոն Նեթանյահուին հետ կանչելու այս օրինագիծը, որովհետև հուլիսին արդեն խոստացվել էր, որ այս օրինագիծը պետք է հետ կանչվի։ Հուսանք, որ հոգևոր պետերի նամակը կունենա իր ազդեցությունը»:
Հիշեցնենք՝ Իսրայելում սկանդալ էր ծագել նաև պատրիարքարանների հողատարածքների հարկման շուրջ: Քննարկումները շարունակվում են մինչև օրս ու Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հույն Պատրիարք Թեոֆիլոս Երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնը սեպտեմբերի 13-ին հանդիպել էին տարածքային կառավարման նախարար Ցախի Հանեգբիի հետ:
«Նախարարը հստակ մեզ ասաց, որ այս պահին հարցը առկախված է, բանակցություններ են գնում Վատիկանի հետ», - նշեց Հայոց պատրիարքարանի դիվանապետը: