Մատչելիության հղումներ

«Մենք ուղղակի իրավունք չունենք քանդելու հին շենքերը, սա մեր հարստությունն է»․ Երևանի քաղաքապետ


«Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ այսօր Երևանում կազմակերպվել էր հեծանվավազք, որին մասնակցեց նաև Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ով «Ազատությանն» ասաց, որ կողմ է առողջ ապրելակերպին և հորդորեց բոլորին ավելի ակտիվ զբաղվել սպորտով, հեծանվավազքով:

«Ազատության» հարցին՝ թե Երևանի տոնին ինչ կմաղթի քաղաքացիներին, Մարությանը պատասխանեց. - «Ես ճիշտն ասած շատ հուզված եմ, որովհետև սա շատ մեծ տոն է հայության համար։ Ունենալով այսպիսի մեծ պատմություն՝ մենք պետք է կերտենք նոր պատմություն, և պետք է պատվով դա անենք։ Երևանցիներն ինձ համար միայն Երևանի բնակիչները չեն, այլ նաև բոլոր նրանք, ովքեր սիրում են Երևանը, ում համար Երևանը հարազատ վայր է։ Շնորհավորում եմ համայն հայությանն՝ այս պայծառ տոնի կապակցությամբ, և ցանկանում եմ , որ մեր քաղաքը միայն գնա առաջ, միայն զարգանա և մյուս 2800 տարիներն էլ ավելի պայծառ լինեն մեր քաղաքի համար»։

Խոսելով, թե երևանցիների համար որն է ամենամեծ նվերը 2800-ամյակի առթիվ, քաղաքապետը նկատեց. - «Ինչ հետաքրքիր և շատ լավ, բնական նվեր ստացվեց 2800-ամյակին. մեր հեղափոխությունը, մեր թավշյա հեղափոխությունը, ինձ թվում է սա լավագույն նվերն է համայն հայությանը»։

Հարցին էլ, թե Երևանի այցեքարտը որը պետք է լինի, Մարությանը պատասխանեց. - «Որպես քաղաքացի կպատասխանեմ՝ Երևանը պետք է լինի ջրի քաղաք, և մեր այցեքարտը պետք է լինեն ցայտաղբյուրները։ Սա նաև սիմվոլիկ է, և եթե մենք ջրի քաղաք ենք, գիտենք, որ Բաքուն էլ կրակի քաղաք է, շարունակությունը չասեմ»։

«Ազատության» հարցին, թե Երևանում վեր են խոյանում բարձրահարկ շենքեր՝ չպահպանելով հինը, այդպիսով Երևանը կորցնում է իր դեմքը, որպես քաղաքապետ ինչ պետք է անել, Մարությանն արձագանքեց․ - «Մենք ուղղակի իրավունք չունենք քանդելու հին շենքերը, սա մեր հարստությունն է և մենք ամեն գնով պետք է պահպանենք։ Ես ամեն ինչ անելու եմ, որ այսուհետ այդպիսի բաներ տեղի չունենան։ Ինչ հնարավոր է վերականգնել, վերականգնելու ենք, իսկ եղածները երբեք ձեռք չենք տալու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG