Քաղաքամայր Երևանն այս տարի նշում է հիմնադրման 2800-ամյակը:
Հոկտեմբերի 21-ին՝ տոնական օրվա վաղ առավոտյան հանդիսությունները մեկնարկել են Ստեփան Շահումյանի հրապարակից՝ Երևանյան մարաթոնով:
«Էրեբունի-Երևան» տոնակատարությունների շրջանակում «Բազմազգ Երևան» խորագրով միջոցառումը կհամախմբի ազգային փոքրամասնությունների կատարողներին, որոնք հանդես կգան համերգով Անգլիական այգում:
Կիրովի անվան մանկական զբոսայգում կանցկացվի «Արևային Երևան» տոնական մանկական ծրագիրը, «Տոնական Երևան» խորագրով փողային նվագախմբերի շքերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Թումանյան, Մաշտոց, Ամիրյան փողոցներով և կհասնի Հանրապետության հրապարակ:
Միջոցառումների կարևոր մասն է կազմում նաև «Դասական երաժշտության հարթակ»-ը, որը կգործի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց:
Երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող խմբերին բեմահարթակ կտրամադրվի Հյուսիսային պողոտայում: Կանցկացվեն նաևազգային երգ ու պարի, ջազ, ռոք երաժշտության համերգային ծրագրեր: Նորաձևության երկրպագուները հնարավորություն կունենան նորովի ընկալել հայկական տարազն՝ «Ուրարտուից մինչև օրս» խորագրով ցուցադրությունը դիտելով:
«Էրեբունի-Երևան 2800»-ի գալա համերգը տեղի կունենա Հանրապետության հրապարակում և կեզրափակվի գեղեցիկ հրավառությամբ:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածներից բացի, այդ օրը տոնական հանդիսություններ են նախատեսված նաև վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և այգիներում: