Ստամբուլում հարյուրավոր մարդիկ այսօր վերջին հրաժեշտն էին տալիս աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին:
Քաղաքի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի Գալաթասարայի հրապարակում Բեյօղլուի թաղապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա էին բազմաթիվ թուրք պաշտոնյաներ՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, Ժողովրդա-հանրապետական կուսակցության քարտուղար Աքիֆ Համզաջեբին, թուրքական խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, նախկին պատգամավոր Սելինա Դողանը, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հայ համայնքի առանցքային ներկայացուցիչներ, Գյուլերի արվեստի բազմաթիվ երկրպագուներ:
Հրաժեշտի արարողության ընթացքում հնչեցին Գյուլերի սիրած մեղեդիները՝ Կոմիտասի «Դլե Յաման»-ն ու «Կռունկ»-ը, «Սարը գելին»-ը, մտերիմները պատմեցին անվանի լուսանկարչի մասին իրենց հուշերը, պաշտոնյաները ցավակցական ուղերձներ հղեցին:
Նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը վերընթերցեց Գյուլերի մահվան կապակցությամբ նախագահ Ռեջեփ Էրդողանի ավելի վաղ հրապարակված ցավակցական հաղորդագրությունը: «Մեծ արվեստագետները մահից հետո ապրում են իրենց թողած ստեղծագործություններով», - ասված էր Էրդողանի ուղերձում:
Հրապարակային միջոցառումից հետո Գյուլերի դագաղը՝ պատված թուրքական դրոշով, տեղափոխվեց Սուրբ Երրորդության հայկական եկեղեցի, որտեղ հոգեհանգստի կարգ մատուցվեց արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ: Արարողությունից հետո եկեղեցու բակից ներկաները ծափերով ճանապարհեցին Գյուլերին դեպի Շիշլիի հայկական գերեզմանատուն, որտեղ էլ ամփոփվեց արվեստագետի աճյունը:
Ի դեպ, Արա Գյուլերի հոր՝ Տաճատ Տերտերյանի հայրենի Շապինգարահիսարի Յայջը գյուղից մի բուռ հող և նրա սիրած չրեղենն էին բերել Ստամբուլ, թաղման ժամանակ դրանք լցրեցին լուսանկարչի շիրիմի մեջ:
Աշխարհի յոթ լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող Արա Գյուլերը շուրջ 800 հազար լուսանկարների հեղինակ է: Իր աշխատանքներում նա պատկերել է հին ու նոր Ստամբուլը, Արևմտյան Հայաստանի հուշարձանները, շրջել Թուրքիայի քաղաքներով, եղել է աշխարհի մի շարք երկրներում, լուսանկարել բազմաթիվ նշանավոր դեմքերի:
Մեծանուն արվեստագետը վախճանվել է չորեքշաբթի ուշ երեկոյան Շիշլիի հիվանդանոցներից մեկում, 90 տարեկան հասակում:
«Կյանքը ձեզ տրված դատարկ մի ժապավեն է: Աշխատեք հրաշալի կերպով լցնել ամեն պահը», - պատգամում էր Գյուլերը: