Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, «հիմնականում դրական» գնահատելով Հայաստանի Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։
Փաստելով, որ «Հայաստանում ստեղծված է առանձնահատուկ իրավիճակ, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել», Վենետիկի հանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի իշխանությունների հանձնառությունը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան։
Հանձնաժողովը, մասնավորապես, ողջունել է քվեարկելու իրավունքի իրականացման, լրատվամիջոցների ազատ աշխատանքի հնարավորությունների ընդլայնման, դիտորդների իրավունքների և ընդհանուր առմամբ ընտրական գործընթացների թափանցիկությանը, ինչպես նաև ընտրակեղծարարության դեմ պայքարելուն ուղղված քայլերը։
Հանձնաժողովը նաև ողջունել է առաջին փուլում կոալիցիաներ կազմելիս դրանց մեջ մտնող մասնակիցների քանակի սահմանափակումների վերացումը, ինչը համապատասխանում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առանցքային երաշխավորություններին։
Հիշեցնելով, որ Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ չի տալիս Ընտրական օրենսգրքում խոշոր փոփոխություններ իրականացնել, եթե ընտրություններին մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել, հանձնաժողովը միևնույն ժամանակ փաստում է՝ «այդ վերապահումները այդքան էական չեն, եթե փոփոխությունների շուրջ կա կոնսենսուս քաղաքական ուժերի միջև»։