Անչափահաս տղան «Ազատությանը» պատմեց՝ դպրոցի բակում տղայական վեճի մասնակից է եղել, հետո դպրոցի ուսուցիչներն իրեն դպրոց են տարել, գումար տվել, որ տաքսիով տուն գնա, բայց ճանապարհին քաղաքացիական ավտոմեքենայով ու քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրեն ծեծելով ու հայհոյելով տարել ոստիկանություն:
Անչափահաս տղայի փաստաբան Դավիթ Արղամանյանը խոսքով՝ ծեծի ենթարկողները, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մի խումբ ոստիկաններ են եղել: Փաստաբանը պնդում է, որ մարմնի տարբեր հատվածներում հարվածներ ստացած իր պաշտպանյալին տևական ժամանակ թույլ չեն տվել կապ հաստատել ծնողների հետ:
«Երեխան ցանկացել է հենց ամենասկզբից խոսել ծնողի հետ, պարբերաբար պահանջել է, որ հոր հետ կապվեն: Երեք-չորս ժամ երեխան գտնվել է ոստիկանության բաժանմունքում, սակայն ծնողը չի տեղեկացել, որ երեխան այստեղ է գտնվում: Դա օրենքի պահանջների կոպտագույն խախտում է, որովհետև եթե անչափահասին բերման են ենթարկում, անհապաղ պետք է նրա օրինական ներկայացուցչին այդ մասին տեղեկացվի: Ըստ էության խոշտանգում եղել ա, նաև պատվի ու արժանապատվության դեմ ուղղված գործողություններ են եղել: Չենք ցանկանում մանրամասնել, երեխայի շահերից չի բխում», - ասաց Արղամանյանը:
Դեպքի մասին ահազանգողը՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Ղալեչյանը փաստաբան Արմաղանյանի հետ երեկվա իր ֆեսյբուքյան ուղիղ եթերում ընգծել է, որ մինչև վերջ հետամուտ են լինելու, որ գործը բացահայտվի․ - «Կարծում եմ, որ այդ դեպքը սթափության կոչ կլինի մյուս բոլոր ոստիկանների համար, և այլևս ոչ մի իրավապահ բռնություն չի կիրառի ոչ մի քաղաքացու նկատմամբ: Եվ այն ոստիկանները, ովքեր չեն հասկացել, որ նոր Հայաստանում բռնությունը տեղ չունի, պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Եվ նրանց ներկայությունը նոր համակարգում անհանդուրժելի է»:
Ոստիկանությունից փոխանցեցին, որ հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն: