Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկվա գործադիր մարմնի նիստում հարցը քննարկել են, առայժմ հստակեցրել հետհեղափոխական խորհրդարանում նախկին իշխանության առաքելությունը:
«Պետք է լինի ընդդիմադիր իրական ուժ պառլամենտում, որը կսահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը: Եվ այդ իմաստով, ես կարծում եմ, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին և պետք է մասնակցի որպես ընդդիմադիր քաղաքական դաշինք և ուժ», - հավելեց Շարմազանովը:
Իշխանության ախորժակը սահամանփակելու հարցում ընդդիմադիր հարթակում ՀՀԿ-ն փոքր ախորժակ չունի: Նվազագույն շեմը հաղթահարելու համար չեն պայքարելու․ - «Հանրապետական չի պատրաստվում պայքարել երկու տոկոսի կամ հինգ տոկոսի կամ չորրորդ ուժ լինելու համար: Հանրապետականը, եթե մասնակցի ընտրություններին, պետք է մասնակցի որպես լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր ուժ»:
Ժողովրդի պահանջով իշխանությունից հեռանալուց ամիսներ անց ընտրողի հետ դեմ առ դեմ հանդիպելուց կաշկանդված չեն: Շարմազանովի փոխանցմամբ, քաղաքացու վստահության քվեին մտադիր են հենց իրենց անցած ճանապարհով ու ծրագրերով արժանանալ․ - «Նախկին տարիներին եղել ենք իշխանություն: Մենք մեր քաղաքական իշխանության համար տվել ենք քաղաքական պատասխանատվություն՝ զրկվելով իշխանությունից: Քաղաքական դաշտում չպիտի առաջնորդվել մտավախություններով, մտահոգություններով և վախերով, քաղաքական դաշտում պետք է առաջնորդվել ծրագրերով»:
Կուսակցության ընտրացուցակի առաջին հնգյակը դեռ չեն հրապարակում: Հայտնի չէ, թե արդյոք ընդդիմադիր ՀՀԿ-ի ցուցակը կգլխավորի նախկինում կուսակցությունում անփոխարինելիի համարում ունեցող Սերժ Սարգսյանը: Գլխավորելու դեպքում էլ արդյո՞ք դա կլինի իրենց օգտին:
«Հանրապետական կուսակցությունը որևէ ձևաչափով չի քննարկել անուն-ազգանունով, թե ով ցուցակի որ համարը պետք է լինի», - ասաց Շարմազանովը:
Իշխանության մենաշնորհի դեմ պայքարի դուրս եկող Հանրապետականում ամեն դեպքում չեն շրջանցում հանրության շրջանում կուսակցության վարկանիշի հարցը:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի թաքցնում, ոչ մտավախություն ունեն․ - «Եթե քաղաքական դաշտում գնում ես պայքարի, պետք է լինի և մտավախություններ, բայց ոչ թե վախ: Քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ միշտ պետք է լինի իշխանություն կամ խորհրդարանում»:
Արտահերթին մասնակցելլու մասին վերջնական հայտարարությամբ հանդես կգան հաջորդ շաբաթ: Նախ պետք է դիրքորոշում հայտնեն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը կքննարկվի Ազգային ժողովում գալիք շաբաթվա քառօրյա նիստում:
Ընտրությունների օրն էլ դեռևս վերջնական չէ: Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ դեկտեմբերի 9-ի մասին է հայտարարել: