Այն կազմակերպել են Երևանի պատմության թանգարանն ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Թույլ տվեք մի քիչ ժամանակից շուտ շնորհավորել բոլորիս մեր մայրաքաղաքի 2800-ամյակի կապակցությամբ: ՊՈԱԿ-ը իր ունեցած ֆոնդային նյութերով ուզում է հանրությանը ավելի մատչելի դարձնել Երևան քաղաքի ճարտարապետական հուշարձանները, որոնց մեծ մասը այսօր, ցավոք սրտի, գոյություն չունեն, մեծ մասը մնացել է միայն լուսանկարչական թղթերի վրա: Ուզեցել ենք դա մատչելի դարձնել մեր հասարակությանը այս ձևաչափով․ ոչ թե կազմակերպեինք դա թանգարաններից մեկում․․․ Մենք դա բերել ենք ավելի հանրային վայր և հնարավորինս մոտիկացրել ենք հասարակությանը»:
«Ի վերջո այս ամենը նախևառաջ երիտասարդ սերնդի համար է», - հավաստիացնում է Արա Թարվերդյանը:
Նա փոխանցեց, որ ներկայացվել է 60 լուսանկար․ - «Ներկայացված են սոցռեալիզմի ժամանակահատվածի երևանյան լուսանկարներ, ինչպես նաև ցարական ժամանակահատվածի Երևանի լուսանկարներ»:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 23-ը, որից հետո տեղափոխվելու է Զվարթնոց արգելոց-թանգարանի տարածք:
Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանն ասաց․ - «Քաղաքը զարգացող օրգանիզմ է, և պետք է քայլի ժամանակին համընթաց՝ պահպանելով հինը: Ես ցանկանում եմ, որ Երևանը պահպանի այն բարի, հին ավանդույթները, որ միշտ եղել են մեր քաղաքում»:
Արմինե Սարգսյանը շեշտեց, որ Երևանի պատմությամբ ոչ միան զբոսաշրջիկներն են հետաքրքրվում, այլ նաև հենց իրենք՝ երևանցիները: Արտասահմանցի հյուրերին հատկապես հետաքրքրում են վաղնջական ժամանակաշրջանի բնակավայրի ցուցադրանմուշները․ - «Մեր թանգարանում Երևանի պատմությունը սկսում ենք Երևանյան քարայրով, այսինքն՝ հին քարե դարի ժամանակաշրջանից, մինչև մեր օրերը: Հիմա մենք Երևանի պատմության թանգարանում պատրաստում ենք ցուցահանդես նվիրված Երևանի 2800-ամյակին, որը կրում է «Երևան․ բրոնզի դարից՝ վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագիրը: Ներկայացված է թանգարանի հնագիտական հավաքածուն, որի հիմնական մասը առաջին անգամ է ներկայացվելու հանրությանը»: