Մատչելիության հղումներ

Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց աշխատանքը


Ալավերդու մոտ 600 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանն այսօր դադարեցրեց աշխատանքը։

Թեղուտի հանքավայրը՝ խոշոր պարտքի դիմաց ՎՏԲ բանկին անցնելուց հետո «Վալլեքս» խմբի փոխնախագահ Սահակ Կարապետյանը չէր բացառել, որ առաջիկայում հնարավոր է կորցնեն նաև բանկում գրավադրված Ալավերդու գործարանը։

Բայց ընկերությունը դեռ վերջնական հայտարարություն չի անում, թե արդյոք գործարանը ևս անցել է ՎՏԲ բանկին։

Այսօր գործազուրկ դարձած աշխատակիցներն, ովքեր նշում էին, որ անորոշության մեջ են, ի նշան բողոքի փակել էին դեպի Վրաստան տանող մայրուղին։

Բողոքողներից մեկը «Ազատությանն» ասաց․ - «Մեր պահանջը՝ գան, ստեղ տեղում, էս ժողովրդի մեջին թող մեզ պատասխանը տան․․․ Կա՞ ինչ-որ մեկը, որ գա ու էս 630 ընտանիքին բացատրի, թե ինչ ա ըլնելու մեր վերջը: Ընդամենը մենք աշխատանք ենք ուզում, ուրիշ ոչ մի բան»:

Ֆինանսական լուրջ խնդիրների առաջ կանգնած գործարանում մեկ շաբաթ առաջ տեղի էր ունեցել հանրային քննարկում, որտեղ գործարանը շահագործող «Էյ-Սի-Փի» ընկերությունը վերջնագիր էր փոխանցել կառավարությանը, նշել, որ իրենց երեք պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։

Ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել բնապահպանական խախտումների համար տեսչական մարմնի սահմանած 387 միլիոն դրամի տուգանքն ու աչք փակել խախտումների վրա՝ 6-7 անգամ բարձրացնելով արտանետումների թույլատրելի սահմանային նորմերը։ Ընկերության ղեկավարները հայտարարել էին, որ արտանետումները նվազեցնելու տեխնիկական որևէ հնարավորություն այս պահին չունեն։

Ընկերությունը կառավարությունից պահանջել էր միջամտել ՎՏԲ բանկ -գործարան փոխհարաբերություններին, ինչպես նաև օրենսդրական փոփոխություններ ձեռնարկել հոգուտ ընկերության։

Այս պահանջների շուրջ շաբաթվա ընթացքում բանակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը, սակայն, փաստորեն, համաձայնության չեն եկել։ Ավինյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել էր, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը բավական ցածր արդյունավետությամբ և քաղաքի բնակչության համար մեծ վնասակարությամբ է աշխատում:

«Այն իր տրամաբանական շարունակությունը պետք է ունենա ավելի մեծ պղնձաձուլարանի պրոյեկտում, որը մոտավորապես տասնապատիկ անգամ ավել հումք պետք է օգտագործի, բայց որտեղ նաև լուծված կլինի ծծմբական թթվի խնդիրը», - ասել էր Տիգրան Ավինյանը:

Այսօր Ալավերդու պղնձաձուլարանի փակման հարցով հայտարարություն է տարածել Ազգային ժողովի փոխնախագահ, ծնունդով ալավերդցի Էդուարդ Շարմազանովը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ նա գրել է․ - «Որպես ալավերդցի՝ կոչ եմ անում Ձեզ, հանձնարարել անել հնարավորինն ու անհնարինը, որպեսզի Ալավերդու պղնձաձուլարանը շարունակի աշխատել: Հակառակ պարագայում 650 ընտանիք կարող են բռնել արտագաղթի ճամփան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG