Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 25-ին կստուգի Չեչնիայի հետ սահմանների մասին աղմկահարույց համաձայնագրի սահմանադրականությունը, ասվում է գերատեսչության կայքում:
Նման պահանջով դատարան է դիմել Ինգուշեթիայի խորհրդարանի պատգամավորների խումբը:
Ավելի վաղ Ինգուշեթիայի Սահմանադրական դատարանն արդեն բացասական գնահատական է տվել օրինագծին՝ վճռելով, որ համաձայնագիրը կարող է հաստատվել միայն հանրաքվեի արդյունքներով: Այդուհանդերձ հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Ինգուշեթիայի և Չեչնիայի վարչական սահմանների մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել:
Փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 26-ին երկու հանրապետությունների ղեկավարների՝ Յունուս-բեկ Եվկուրովի և Ռամզան Կադիրովի միջև:
Փաստաթուղթը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել ինգուշների շրջանում՝ հանգեցնելով զանգվածային ցույցերի:
Ինգուշեթիայի բնակիչները, մասնավորապես, դժգոհ են, որ փաստաթուղթն ամրագրում է Խորհրդային Միության փլուզումից հետո Չեչնիայի ու Ինգուշեթիայի միջև կռվախնձոր դարձած Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքներին:
Ինգուշեթիայի բնակիչները պնդում են, որ փաստաթղթով բավարարվել են միայն Գրոզնիի պահանջները: