Ամենաառաջնային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում այն է, որ ընտրական որոշումները կայացնում է ժողովուրդը և ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը, երեկ Էջմիածնում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով՝ մեծ հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանում։
«Այսօր մարդիկ կան, ասում են՝ «ոչ մի բան չի փոխվել Հայաստանում, միայն դեմքերն են փոխվել»։ Նրանք, ովքեր չեն ուզում նկատել այդ փոփոխությունները, ես հիմա ուզում եմ էս ամբիոնից ասել ամենակարևոր փոփոխությունը, միակ փոփոխությունը, որ մեզ անհրաժեշտ էր ընդհանրապես, ամենաառաջնայինը, մնացած ամեն ինչը երկրորդական է՝ ամենաառաջնային փոփոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում այն է, որ որոշումները՝ ընտրական որոշումները, կայացնում է ժողովուրդը և ժողովուրդն է բարձրագույն իշխանությունը։ Ովքեր չեն տեսնում այս փոփոխությունը, այո՛ նրանց երազածը հենց անձերի փոփոխությունն էր, որ մի թայֆային փոխարինի մի ուրիշ թայֆա, մի կլանին փոխարինի ուրիշ կլան, մի օլիգարխին փոխարինի ուրիշ օլիգարխ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։
Հայաստանում ավարտվել են կլանների կառավարման ժամանակները, ասաց Փաշինյանն՝ ընդգծելով՝ Հայաստանում որոշումներ կայացնելու է ժողովուրդը։
«Ժողովուրդն է որոշելու՝ ով լինի պատգամավոր, ով լինի քաղաքապետ, ով լինի գյուղապետ, ով լինի վարչապետ։ Էլի ուզում եմ ընդգծել, որ ժողովուրդն այլևս ընտրական տասնապետերի, հարյուրապետերի, կամ հազարապետերի ցուցակներում ընդգրկված գլխաքանակ չէ, որոնց 5 հազար, կամ 10 հազար դրամով վաճառում էին, կամ գնում էին կուսակցություններից։ Սա է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Փոխվել է այն, որ Հայաստանի Հանրապետությունում բռնությունն այլևս չի կարող գոյություն ունենալ, որպես քաղաքականության գործիք, և նրանք ովքեր մտմտում են, թե սիրո և համերաշխության հեղափոխության այս օրերին ծածուկ մի տեղից սպասեն հարմար պահի՝ բռնությամբ իրենց հարցերը լուծելու համար, նրանք կստանան ժողովրդական հեղափոխության հուժկու հակահարվածը։ Ովքե՞ր են նրանք, որտեղի՞ց են սերում, որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են ուզում գնալ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Այո՛, մենք ասում ենք, որ սա մի հեղափոխություն է, որը Հայաստանը պետք է դարձնի մի այնպիսի երկիր որտեղ չկան թշնամիներ, որտեղ գիտեն նաև ներել, բայց որտեղ օրենքի գերակայությունն անառարկելի է, սա է նոր Հայաստանը»։
Ընդգծելով, որ Հայաստանը մտնում է մի փուլ նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների, Վարչապետի պաշտոնակատարը նշեց՝ այն պետք է պսակվիսիրո և համերաշխության հաղթանակով։
«Հայաստանում տեղ չունեն ծայրահեղականությունը, Հայաստանում տեղ չունի կրիմինալը, Հայաստանում տեղ չունի փողով իշխանություն առնելը», - ասաց Փաշինյանը։