Եվրոպական Միության ղեկավարները Բրյուսելում գումարած ժողովում կոչ են արել Մոսկվայի նկատմամբ սահմանել նոր պատժամիջոցներ՝ ի պատասխան միության անդամ երկրներին հաքերային գրոհների ենթարկելու ռուսների գործելակերպին:
Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները շաբաթներ առաջ ներկայացրել են տեղեկություններ, որոնց համաձայն, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր վարչության՝ ГРУ-ի գործակալներն, այս տարվա ապրիլին փորձել են կոտրել Հաագայում տեղակայված քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության կայքէջը:
Եվրամիության նախաձեռնության մասին տեղեկությունը հրապարակվել է անդամ պետությունների ղեկավարներից կազմված Եվրոպական խորհրդի պաշտոնական էջում:
Եվրամիությունը նշում է, որ անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ՝ հաքերային գրոհներին հակազդելու և դրանք արդյունավետ եղանակով կանխելու համար:
Առաջարկը ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Լիտվան, Էստոնիան, Լատվիան, Դանիան, Ֆինլանդիան և Ռումինիան:
«Ազատության» թղթակից Ռիկարդ Ջոզվյակի փոխանցմամբ, այդ առաջարկն անմիջապես ուժի մեջ չի մտնում:
Առաջիկա շաբաթներին և ամիսներին Եվրամիության երկրները դեռ պետք է մշակեն օրինագիծը և կազմեն իրավական պարզաբանումներ պարունակող դրա վերջնական տարբերակը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը գործընկերներին կոչ է անում այս հարցում միասնական լինել և համատեղ քայլերով պատասխանել հաքերային հարձակումներին՝ նշելով, որ այլապես մեծ վտանգներ են սպառնում Եվրամիության տնտեսությանը և դեմոկրատիային:
«Անհրաժեշտ է սահմանափակող որոշումներով, այդ թվում՝ կոշտ պատժամիջոցներով արձագանքել և պատժել կիբեր-գրոհայիններին», - ասում է Բրիտանիայի վարչապետը:
Նախագծով առաջարկվում է սառեցնել հաքերային գրոհների համար պատասխանատվություն կրող մարդկանց հաշվեհամարները և արգելել նրանց մուտքը Եվրամիության տարածք:
Այդ նախաձեռնությունը Եվրամիության անդամ երկրները ներկայացնում են մի ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերություններում առկա է լուրջ ճգնաժամ, որն ի հայտ է եկել ռուսներին վերագրվող հաքերային գրոհների և ընտրություններին միջամտելու հետևանքով: