Մատչելիության հղումներ

Եվրադատարանը ևս երկու վճիռ է հրապարակել Մարտի 1-ի գործով


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակել է 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ ձերբակալված, ապա կալանավորված երկու անձանց գործով վճիռները։

Ստրասբուրգի դատարանը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։

Եվրոպական դատարանը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է Հայաստանի առաջին նախագահ, 2008-ի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պատասխանատու Գրիգոր Ոսկերչյանին վճարել 3000, իսկ Տեր-Պետրոսյանի Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի ղեկավար Մասիս Այվազյանին՝ 4500 եվրո գումար։

Եվրոպական դատարանը մոտ տասը տարի քննելով՝ եզրահանգել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ ակտիվիստներին ապօրինի պահելով անազատության մեջ։

«Ազատության» հետ զրույցում 62-ամյա Մասիս Այվազյանը ասաց՝ իրավապահներն իրեն 15 օր պատանդի կարգավիճակում են պահել․- «Երկու ամիսը լրացավ, իմ գործը կա՛մ պետք է ուղարկեին դատարան, կա՛մ պետք է ազատ արձակեին: Ո՛չ դատարան ուղարկեցին, ո՛չ ազատ արձակեցին: Որ ուղարկեին դատարան, կորոշեին՝ վարույթ կընդունեին, կամ մինչև էդ կդիմեին, կերկարացնեին: Չի եղել էդ ամեն ինչը, որի արդյունքում 15 օր ես եղել եմ ոչ թե կալանավորի, այլ պատանդի կարգավիճակում: Դա հաշվի առնելով՝ եվրոպական դատարանը իմ գործերը ընդունեց վարույթ և էսօր արդեն կայացրել է վճիռ: 5 օր հետո նոր գործերս ուղարկել են դատարան, դատարանն ընդունել է վարույթ, դրանից հետո եղել է դատական նիստ: Դատական նիստով, ինչքան հիշում եմ, 1-2 տարի փորձաշրջանով»:

Այվազյանը այդ օրերին անցկացվող հանրահավաքների մասնակիցների հետ միասին նստացույցի էր մասնակցում մայրաքաղաքի Ազատության հրապարակում։ Հիշում է փետրվարի 29-ի գիշերը, երբ ոստիկանական ուժերը հարձակվեցին նստացույցի մասնակիցների վրա և մարտի 1-ի վաղ առավոտյան բռնի ուժով իրեն և մյուսներին տարան ոստիկանական բաժանմունքներ։

«Գիշերը՝ լույս առավոտյան, ոստիկանությունը առանց զգուշացնելու, առանց պահանջները ներկայացնելու, անգամ ցրվելու պահանջ չներկայացնելով ներխուժեց Օպերայի հրապարակ և սկսեց բռնի կերպով էդտեղից վտարել: Ես էդտեղ եմ եղել, առավոտ 6-ին 15 պակաս էր, կարծեմ, երբ որ իրանք մտան հրապարակ մութ էր դեռևս: Մենք մոտեցանք ոստիկաններին՝ ճշտելու, թե ինչ քայլեր ա պետք անել, որ առանց բախումների լինի ամեն ինչ: Մարդիկ առաջարկեցին գնալ և էդ հարցերը ճշտել բաժնում», - Արագածոտնի մարզի նախընտրական շտաբի ղեկավարը:

Այվազյանին մեղադրանք էին առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտել մեկուկես տարվա ազատազրկման, սակայնդատարանի որոշմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել։

Առաջին նախագահի աջակցին կալանավորել էին 2 ամսով, կալանքի ժամկետը լրանալուց հետո, սակայն, շարունակել էին առանց դատարանի որոշման պահել անազատության մեջ։ Հենց այս հանգամանքն էլ Եվրոպական դատարանի այսօրվա վճռում դիտարկվում է որպես մարդու իրավունքների խախտում։

«5 օր հետո նոր գործերս ուղարկել են դատարան, դատարանն ընդունել է վարույթ, դրանից հետո եղել է դատական նիստ: Դատական նիստով, ինչքան հիշում եմ, 1-2 տարի փորձաշրջանով», - նշեց Այվազյանը:

Մասիս Այվազյանի համար Եվրոպական դատարանի վճիռը սպասելի է։ Ասում է, որ այն ավելի շուտ կարող էր լինել, եթե դատարանում Հայաստանի շահերը չներկայացներ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմի անդամ Գևորգ Կոստանյանը։

«Ինքը Մարդու իրավունքների դատարանում 10 տարի մեր գործերը ձգել ա», - հավելեց նախընտրական շտաբի ղեկավարը:

2008-ի նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի` Աբովյան քաղաքի նախընտրական շտաբի պատասխանատու Գրիգոր Ոսկերչյանի գործով էլ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հայաստանյան դատարանները նրան կալանքի տակ են պահել առանց լուրջ հիմնավորումների՝ վկայակոչելով մեղադրանքի ծանրությունը միայն և չներկայացնելով ծանրակշիռ հիմքեր, թե ազատության մեջ ինչպես նա պետք է խոչընդոտի արդարադատությանը։ Ըստ այդմ, դատարանը նշել է, որ հայաստանյան դատարանները Ոսկերչյանին կալանքի տակ պահելու բավարար հիմքեր չեն ներկայացրել։

62-ամյա Գրիգոր Ոսկերչյանը դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։ «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ուրախ է վճռի համար, որը, սակայն, կայացրեց ոչ թե հայաստանյան արդարադատությունը, այլ ստրասբուրգյան դատարանը։

«Ես մինչև հիմ էլ կարծում եմ, որ հայաստանյան հանրությունը, հասարակությունը համարում է, որ դատական համակարգը կախված էր գործադիր իշխանությունից: Ճիշտ է, լինելով իշխանության առանձին ճյուղ, միևնույն է ամբողջովին գտնում է նրա ազդեցության տակ: Բնականաբար նման դատարանը չէր կարող այլ վճիռներ կայացնել, երբ որ կար քաղաքական պատվերը», - ասաց Գևորգ Ոսկերչյանը:

2008 թվականի մարտի 1-ի առավոտյան Երևանում տեղի ունեցած ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնությունների գործերով առաջին վճիռները հրապարակվեցին մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 20-ին։ Դրանցից մեկը կայացվել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ, կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի, երկրորդը՝ ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով։ Երկու դեպքում էլ դատարանը հաստատված էր համարել կառավարության կողմից մարդու իրավունքների խախտումները։

Սաղաթելյանի գործով Եվրոպական դատարանը հաստատված է համարել, որ 2008թ․ մարտի 1-ին Երևանի Ազատության հրապարակի հավաքը խաղաղ էր և հակառակը ենթադրելու հիմքեր չկային: Որոշման մեջ նշվում է նաև, որ Հայաստանի կառավարությունը չի ներկայացրել իր այն պնդումները հիմնավորող որևէ համոզիչ ապացույց, ըստ որոնց 2008 թ․ մարտի 1-ին պետք է զենք բաժանվեր հավաքի մասնակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG