Վրաստանի իշխանությունները պնդում են, թե նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ավելի քան տասը տարի առաջ՝ իր ենթակաների հետ, մահափորձ է կազմակերպել մեծահարուստ գործարար, ընդդիմադիր հայացքներով հայտնի Բադրի Պատարկացիշվիլիի դեմ:
Որպես մեղադրանքի հիմք, երեկ Վրաստանի գլխավոր դատախազությունը հրապարակեց դեռ 2007-ին գաղտնալսված մի շարք զրույցների ձայնագրություններ, որտեղ, ըստ իրավապահների, Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները՝ Սաակաշվիլիի հրահանգով, քննարկում են Պատարկացիշվիլիի դեմ մահափորձի մանրամասները:
Դատախազությունը պնդում է, թե կասկածյալները կապ են հաստատել Պատարկացիշվիլիի թիկնապահներից մեկի հետ, փորձել են տեղեկություններ ստանալ միլիարդատեր գործարարին սպասարկող անձնակազմի վերաբերյալ և ծրագրել այնպիսի սպանություն, որ «նրա մահը բնական թվա»:
Պատարկացիշվիլին մահացել է 2008-ին, 52 տարեկանում՝ Լոնդոնում գտնվող իր առանձնատանը: Դատաբժշկական փորձաքննությամբ, վաղահաս մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Մահվանից երկու տարի առաջ Պատարկացիշվիլին սկսել էր քննադատել Միխեիլ Սաակաշվիլիին, առաջադրել էր իր թեկնածությունը Վրաստանի նախագահական ընտրություններում՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը:
Սաակաշվիլին կտրականապես հերքում է այս մեղադրանքները: Երեկ երեկոյան, ելույթ ունենալով ֆեյսբուքյան իր էջում, նախկին նախագահը պնդել է՝ ձայնագրությունները կեղծ են, մեղադրանքները՝ ապաշնորհ բեմադրություն:
«Ըստ այդ ձայնագրության, դեպարտամենտի երկու աշխատակիցներ, իրար հետ խոսելով, ասում են՝ «Սաակաշվիլին տեղյակ է»։ 2007-ին որևէ պաշտոնյա, ինչ էլ լիներ, ինձ անուն-ազգանունով չէր դիմի, կասեին՝ առաջինը, նախագահը, բայց ոչ՝ Սաակշվիլին: Նրանք, ովքեր աշխատել են այդ համակարգում, կհավաստեն դա, ինչպես նաև կասեն, որ իմ կողմից նման հրահանգ ընդհանրապես չէր կարող լինել», - ասել է Վրաստանի նախկին նախագահը։
Սաակաշվիլին պնդել է՝ մեղադրանքը քաղաքական ենթատեքստ ունի, իշխանություններն անհանգստացած են, քանի որ իր հիմնադրած կուսակցության թեկնածուն օր-օրի ամրապնդում է դիրքերը հոկտեմբերի վերջին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Զրույցի մասնակիցներն այժմ ձերբակալված են՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, չի բացառվում, որ իշխանությունը ուղղակի ստիպել է նրանց նման զրույց բեմադրել», - ասել է Սաակաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահի դեմ այս աղմկահարույց ձայնագրությունը հրապարակվել է հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին: Դրանից երկու օր առաջ էլ ընդդիմադիրներն էին շրջանառության մեջ դրել բանտում գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ նախկին դատախազ Միրզա Սուբելիանին մեղադրանքներ էր հնչեցնում գործող իշխանությունների հասցեին ու պնդում՝ «Վրացական երազանք»-ին վարկաբեկող բազմաթիվ փաստեր ունի, բավական է՝ դրանցից մեկ-երկուսը հրապարակի, և տեղում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի դուրս կգան՝ պաշարելով Ռուսթավելի պողոտան:
Դեռևս գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որ այս անգամ չի առաջադրվել, նախօրեին քննադատել է նախընտրական արշավը, փաստելով՝ մեկը մյուսին հաջորդող այդ գաղտնալսումները կարող են լուրջ հարված հասցնել հանրության վստահությանը պետական ինստիտուտների նկատմամբ: